Բաժիններ՝

Րաֆֆի Մովսիսյանի համոզմամբ՝ համավարակը բացասաբար է ազդել և՛ համաշխարհային, և՛ հայկական կինոարտադրության վրա

Համավարակը բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոարտադրության վրա: Բացառություն չէ նաև հայկական կինոն. համատեղ արտադրության ֆիլմեր լուրջ կորուստներ են կրել թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային առումով, որոշ ֆիլմեր էլ դուրս են մնացել հանրության ուշադրության կենտրոնից:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, որի հավաստիացմամբ՝ ստեղծագործական բաղադրիչին զուգահեռ կինոն նաև մեծ արտադրանք է, և այդ արտադրական գործընթացները կապված են իրական կյանքի հետ. անմիջական շփումներ նկարահանումների ընթացքում, մասսայական տեսարաններ և այլն: «Համավարակի հետևանքով մի շարք ֆիլմեր պարզապես հետ մղվեցին: Հայաստանում նկարահանվող համատեղ արտադրության ֆիլմեր կային, որոնք լուրջ կորուստներ կրեցին թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային իմաստով, որովհետև կինոյում մեկ օրը չափազանց թանկ է: Հավանաբար կինոն շարունակում է ամենաթանկ արվեստը մնալ»,-ասաց Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կինոթատրոնների երկար ամիսներ փակ լինելը և հետո սահմանափակ թվով այցելուներ ունենալու որոշումները բյուջետային առումով ևս ազդեցություն ունեցան կինոյի զարգացման վրա: Նա հիշեցրեց, որ ցանկացած ֆիլմ պետք է շահույթ ունենա հետագա ծախսերը փակելու համար, այդ իսկ պատճառով համաշխարհային պրեմիերաները հետաձգվեցին և տեղափոխվեցին առցանց հարթակ: «Ընդունված է առցանց պլատֆորմների մասին խոսելը, որոնցից են Netflix-ը HBO-ն և այլն, որոնք շահույթով դուրս եկան ստեղծված իրավիճակից: Հոլիվուդյան մի շարք ընկերություններ, որոնք ֆիլմերը նկարահանել էին կինոթատրոններում ներկայացնելու համար, վարձույթը վստահեցին հենց նմանատիպ ընկերություններին, և պրեմիերաները տեղի ունեցան համացանցային տարբերակով»,-նշեց կինոքննադատը:

Անդրադառնալով կինոփառատոներին՝ Մովսիսյանը շեշտեց, որ լավագույն և ամենախոշոր փառատոները կա՛մ հետաձգվեցին, կա՛մ տեղի ունեցան առցանց: Ըստ Րաֆֆիի՝ կինոինդուստրիան համավարակից միանշանակ տուժեց, և համավարակը ֆիլմերի նկարահանման թեմա դարձավ:

Մովսիսյանը Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է եղել և հանդիպել է վավերագրական մի քանի ֆիլմի, որոնք նվիրված են եղել համավարակի թեմային: Կինոքննադատը վստահ է, որ խաղարկային կինոյում այն անդրադարձ նույնպես կգտնի, բայց դրա համար ժամանակ է հարկավոր:

Խոսելով հայկական կինոյի մասին՝ Րաֆֆին տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացնում են «Չտեսնված կինո» հաղորդաշարը, որը նվիրված է անկախության շրջանում նկարահանված հայկական ֆիլմերին: Կինոյի երկրպագուները յուրաքանչյուր ուրբաթ հնարավորություն են ունենում ծանոթանալ հայկական ժամանակակից կինոյին և դիտել ֆիլմերի մասին քննարկումները:

«Վերջին տարիներին հայկական կինորատադրությունը շատ լուրջ առաջընթաց ունի արտադրական իմաստով: Մի շարք հարցեր կային, որոնք խոչընդոտում էին այդ գործընթացքում նոր դեմքեր տեսնելուն, նոր ռեժիսորների, նոր հեղինակների ներգրավմանը, բայց շատ բան փոխվեց: Հայկական կինոյի զարգացմանը կարող է նպաստել կինոյի մասին օրենքը, որի ընդունումը բավականին լուրջ փուլի էր հասել, բայց պատերազմի հետևանքով Ազգային ժողովում կինոյի մասին օրենքի նախագծի հերթական լսումները տեղի չունեցան: Կարծում եմ՝ հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելուց հետո հնարավորինս արագ պետք է նորից փորձենք հասնել նրան, որ օրենք ընդունվի, քանի որ այն ուղղակիորեն կապված է լինելու կայուն կինոարտադրություն, համատեղ արտադրություններ ունենալու հետ: Հայաստանում կինոարտադրության համար նախատեսված տարեկան բյուջեն մոտավորապես մեկ եվրոպական ֆիլմի կես բյուջեն է կազմում: Միանշանակ մեր կինոյի զարգացման ամենաճիշտ ճանապարհը դեպի համատեղ արտադրություններ գնալն ու դեբյուտային աշխատանքներ ունենալն է: Դրա համար մենք պետք է օրենսդրական պաշտպանություն ունենանք»,-համոզմունք հայտնեց կինոքննադատը:

Ըստ Րաֆֆի Մովսիսյանի՝ անկախության շրջանում նկարահանված լավ ֆիլմեր շատ կան, բայց դրանք վրիպել են շատերի աչքից օբյեկտիվ մի շարք պատճառներով: Դա կապված է Հայաստանում կինոթատրոնների քիչ լինելու, ֆիլմերի PR-ը երբեմն ոչ ճիշտ կազմակերպելու և այլ հանգամանքներով: Նա նշեց, որ հեռուստաընկերությունները նույնպես երկար տարիներ պարզապես աչք են փակել հայկական կինոյի վրա և իրենք են զբաղվել ֆիլմերի, սերիալների արտադրությամբ, այնինչ դրանց արտադրությանը զուգահեռ շատ հեղինակներ լավ ֆիլմեր են նկարահանել, որոնք ցուցադրվել են միջազգային փառատոներում, բայց վրիպել են մեր աչքից:

«Այդ իմաստով շատ անելիքներ կան: Հանդիսատեսին այդ ֆիլմերը ներկայացնելու լավագույն տարբերակը հեռուստատեսությունը չէ, բայց, քանի որ կինոթատրոնները քիչ են, ֆիլմերի տարածման ճանապարհը մնում են համացանցն ու հեռուստատեսությունը: Կինոյի մասին օրենքի ընդունումը կկանոնակարգի մի շարք հարցեր»,-եզրափակեց Րաֆֆի Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս