Արմեն Մարտիրոսյանի «ծառայությունների» գինը՝ պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ
Մինչ ողջ հանրությունը քննարկում է, թե ՀՀ իշխանությունների թողտվությամբ ինչպես է թնշամին՝ ադրբեջանական կողմը ներխուժում Հայաստանի տարածքներ՝ Սյունիք, ընդհուպ մինչև Գորիս, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը շատերի զայրույթն էր առաջացրել: Նրա գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ:
Էս է՞ ձեր մակարդակը:
Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»:
Նշենք, որ գրառումն անելուց րոպեներ անց Մարտիրոսյանն այն հեռացրել էր ֆեյսբուքյան իր էջից, այնուհետև կրկին տեղադրել: Որոշ ժամանակ անց նա փակեց ֆեյսբուքյան իր էջը:
Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանն այն անձն էր, ով այս 2.5 տարիների ընթացքում լավագույնս օգտվել է «հեղափոխական» իշխանությունների, Փաշինյանի կառավարության ծրագրերից՝ ՀՀ պետբյուջեից: Ինչպես 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այս տարվա օգոստոսին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավն իրականացնելու համար պետբյուջեի հաշվին «Անտարես» հրատարակչությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ կնքել էր 21 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր։
Հիշեցնենք նաև, որ Կառավարության դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով էլ 48 մլն 900 հազար դրամ էր հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։ Մեկ անձից գնումն իրականացրել էր դարձյալ «Անտարես» հրատարակչությունը։
Ուսումնասիրություն է կատարել նաև AntiFake.am-ը, ինչի արդյունքում պարզել է, որ ընդհանուր առմամբ՝ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը մատուցել է 87.317.862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48.900.000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից՝ հարկատուների հաշվին ստացել է 136.217.862 ՀՀ դրամ։