Չինաստանի ԱԳՆ-ում 2021 թվականն առանձնահատուկ են համարել ռուս-չինական հարաբերությունների համար
Հաջորդ տարին առանձնահատուկ կլինի ռուս-չինական հարաբերությունների համար, քանի որ կողմերը նշելու են Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ինքը շատ բարի եւ վստահելի հարաբերություններ ունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համընկնող շահեր ունեն բազմաթիվ ուղղություններով: «Հաջորդ տարին հատուկ նշանակություն ունի Չինաստանի եւ Ռուսաստանի համար:
Կողմերը նշելու են «Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակը, դա լինելու է հետագա զարգացման եւ բազմամյա բարեկամության ավանդույթների փոխանցման տարի»,-հայտարարել է Վան Վենբինը՝ մեկնաբանելով Պուտինի խոսքը:
Նա նշել է, որ երկու երկրների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ եւ երկու ժողովուրդների ջանքերի շնորհիվ Չինաստանն այն բանի լիակատար վստահությունն ունի, որ կողմերը կկարողանան պաշտպանել երկկողմ համագործակցության սրընթաց զարգացման միտումը: Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ ռուս-չինական պայմանագիրն ստորագրվել է 2001 թվականի հուլիսի 16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: