
Ռուսաստանում գրեթե կրկնակի նվազել է միգրանտների թվաքանակը

Այժմ Ռուսաստանում շուրջ վեց միլիոն միգրանտ է գտնվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարությունում:
Տարբեր ժամանակաշրջաններում նրանց թիվը տատանվում է ինը միլիոնից մինչեւ 11 միլիոն:
«Այս տարի նրանց թվաքանակն աստիճանաբար նվազել է եւ ներկայում կազմում է «…» 6,3 միլիոն»,-ասվում է համապատասխան հարցմանն ի պատասխան:
Դրա հետ մեկտեղ ժամանակավոր կեցության կամ կեցության թույլտվություն ունի 1 միլիոն մարդ, ընդգծել են ՆԳ նախարարությունում:
Նաեւ գերատեսչությունում հավելել են, որ հաշվառված աշխատանքային միգրանտների մեծամասնությունն աշխատում է արտոնագրերով:
«2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ արտոնագրերի հիման վրա Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն Է իրականացնում 1,3 մլն օտարերկրյա քաղաքացի (անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում՝ 1,7 միլիոն), 85 հազարն ունի աշխատանքի թույլտվություն:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների հետ կնքվել են 369 հազար (508 հազար) աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրեր»,-նշել են ՆԳ նախարարությունում:
Բացի այդ, հաղորդվում է, որ օտարերկրյա քաղաքացիների ամենամեծաթիվ կատեգորիան աշխատանքային միգրանտներն են խոշոր քաղաքներում եւ տնտեսական կենտրոններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: