ԱՄՆ-ը սև ցուցակում կավելացնի Չինաստանի SMIC-ը և դրա դուստր ընկերությունները. Reuters
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը դեկտեմբերի 18-ին սեւ ցուցակում կավելացնի Չինաստանի շուրջ 80 ընկերություններ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
Առեւտրի նախարարությունը պլանավորում է ցանկ մտցնել այն ձեռնարկությունները, որոնք, Վաշինգտնի վարկածով, կապեր ունեն ՉԺՀ-ի զինված ուժերի հետ եւ, մասնավորապես, ռազմական գործունեություն են վարում Հարավչինական ծովում, ինչպես նաեւ իբր առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Միջոցները կսահմանվեն առաջին հերթին կիսահաղորդիչներ արտադրող SMIC-ի (Semiconductor Manufacturing International Corporation) նկատմամբ, որն, ինչպես նաեւ դրա դուստր կառույցներն ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մտցրել են Պենտագոնի սեւ ցուցակ:
Ինչպես նշում է Reuters-ը, ընկերությունների ներառումն ԱՄՆ-ի առետրի նախարարության ցուցակում նշանակում է, որ դրանք ստիպված կլինեն ձեռք բերելու այդ գերատեսչության թույլտվությունը, որպեսզի Միացյալ Նահանգների մատակարարները կարողանան դրանց վաճառել համալրող մասեր: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության համապատասխան ցուցակում արդեն ներառված են Չինաստանի մի քանի տասնյակ ընկերություններ, մասնավորապես, Huawei-ը, ZTE-ն եւ դրանց դուստր կառույցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: