«Այս ամենը Մեծ Թուրան ծրագրի մաս է նաև: Մենք ի՞նչ ենք անում: Բան էլ չենք անում: Ավելի ճիշտ անում ենք, բայց խոտ արածելուց առաջ չի անցնում». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետականաշինության մեջ ռազմավարական պլանավորումը գիտե՞ք որն է: Օրինակ հարևան Թուրքիան դա շատ լավ գիտի: Վառ օրինակ բերեմ:

Թուրքիան գիտի, որ մենք ամեն դեպքում ձեռք չենք քաշել արևելյան Թուրքիայի, այսինքն Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներից, այսինքն դրանք համարում ենք մերը, և քարոզչությունը նաև կրթական մակարդակում դրան է ուղղված: Թողնենք այն հանգամանքը, որ այդ քարոզն ու հավակնությունը բացարձակ իրատեսական չէ: Ու բոլորս էլ գիտենք, թե ինչու:

Քանի որ Թուրքիան մեր այս հավակնությունը լավ գիտի (վերջիվերջո սրա համար են ցեղասպանել), ջանում է մեր ներկայի տարածքները հայաթափել, հստակ գործողությունների ծրագրով՝ փակ սահման, մեր երկրի ներսում պառակտիչ թեզեր բուծել և տարածել (վառ օրինակ, հայաստանցի և ղարաբաղցի արհեստական տարանջատում), Ադրբեջանին բազմակողմ աջակցություն, նաև Ադրբեջանում հակահայ գաղափարախոսություն, ընդհուպ մեր ներկայի տարածքները Ադրբեջանի պատմականը համարելով: Արցախի մասին չեմ էլ նշում:

Այսինքն, Թուրքիան անում է այնպիսի գործողություններ, որոնք մեզ կպահեն հարատև հակամարտության և ձախողման հոռի շրջանում, ինչի արդյունքում չենք կարողանա ուժեղ պետություն դառնալ և վերոնշյալ հավակնությունները իրողություն դարձնելու փորձեր անել: Բայց քանի որ նա գիտի, որ ուղղակիորեն սա չի կարող անել (քանի որ ցեղասպանի խարան կրող է), ապա Ադրբեջանին է օգտագործում, որ պետական մակարդակում ստեղծվի մի քարոզչություն, ինչն ուղղված է ներկա Հայաստանի գոյության ավարտին: Նայեք Ադրբեջանի պետական քարոզչական քարտեզները, ու միամիտ չլինեք, թե սա ուղղակի Ադրբեջանի ձեռքի գործն է: Օրինակ, Արարատ լեռները մեր ապրանքանիշերում օգտագործելուն հակադրություն Ադրբեջանը օգտագործում է Սևանի պատկերով ապրանքանիշեր: Դպրոցական գրքերի քարտեզները նայեք:

Դե իհարկե այս ամենը Մեծ Թուրան ծրագրի մաս է նաև:
Սրանով հանդերձ մենք ի՞նչ ենք անում: Բան էլ չենք անում:
Ավելի ճիշտ անում ենք, բայց խոտ արածելուց առաջ չի անցնում: Հատկապես վերջին 2-3 տարում պետական մակարդակում գաղափարական դատարկություն է տիրում՝ զուգորդված ապիկարների և դեգեներատների կառավարմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս