«Մենք ունեցե՞լ ենք ազգային անհամաձայնություն, որ հիմա էլ ազգային համաձայնության կառավարություն ենք ձևավորում». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում մի քանի նշանակումներ է կատարել։

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից, իսկ Հայկ Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Այս նշանակումներից հետո կարծիքներ հնչեցին, որ արդեն Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության կառավարության կազմավորումը։

168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը և սպասվող ակնկալիքներին՝ նշեց, որ դրա հետ կապված կարող է կարծիք հայտնել՝ միայն որպես քաղաքական գործիչ, այլ ոչ թե՝ ի պաշտոնե։

«Մենք ունեցե՞լ ենք ազգային անհամաձայնություն, որ հիմա էլ ազգային համաձայնության կառավարություն ենք ձևավորում, այսինքն՝ այս տերմինաբանության հետ մի քիչ համաձայն չեմ։ Ճիշտ է, չեմ ուզում թեմայից շատ խոսել, քանի որ դրա ժամանակը չէ, և ժողովրդի միակ դարդը չէ այդ ամենը, բայց մենք միշտ ունեցել ենք մեր հստակ դիրքորոշումներն ու սկզբունքներով ենք առաջնորդվել։ Մենք որևէ մեկին չենք քֆրտել ու երկու վայրկյան հետո 180 աստիճանով փոխվել ու մոռացել, թե ինչ ենք ասել։ Ազգին ու ժողովրդին ծառայելն աթոռներով չէ։ Իմ խորին համոզմամբ՝ սա պարզապես նոր Կառավարություն է, նոր կազմ, կոչենք դա ազգային համաձայնության կառավարություն, չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է, որովհետև ազգային անհամաձայնություն պետք է լինի, որ համաձայնության կառավարություն ստեղծվի»,- նշեց նա։

Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է մարդու պրոֆեսիոնալիզմից, եթե մարդիկ միայն քաղաքական նկատառումներով են աթոռներ ստանալու, ապա այդ ամենը, նրա կարծիքով՝ կառավարման արդյունավետությունը չի բարձրացնելու։

«Այնպես պետք է արվի, որ իշխանությունը լինի ուժեղ, իսկ ուժեղ լինելու համար պետք է պրոֆեսիոնալիզմ ու բարոյահոգեբանական հատկանիշներ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս