«Թիվ 1 մեդիատեռորիստը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է. նա խճճվել է իր ստերի մեջ». Արտակ Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը դժվարանում է հասկանալ, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա են Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատման աշխատանքներ կատարում, քանի որ, ըստ եռակողմ հայտարարության՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

«Որքան էլ դժգոհ լինենք այդ փաստաթղթից, և, բնականաբար, դժգոհ ենք՝  պարզապես կապիտուլյացիա էր, բայց անհասկանալի է, թե այդքանից հետո ի՞նչ սահմանային ճշգրտումներ և վերաձևավորումներ են ընթանում սահմանի վրա՝ միակողմանիորեն, որին չի մասնակցում հայկական կողմը: Մեր սահմանների պահպանման, տարածքների հսկման բեռը մնացել է տեղի բնակչության վրա, այնքանով, որքանով նրանք կարող են: Անհասկանալի է մեր իշխանությունների վարքագիծը: Ի՞նչ է սա նշանակում, կան ա՞յլ պայմանավորվածություններ: Ես բոլորովին պատահական չեմ համարում, որ վերջերս Ադրբեջանում հրապարակվեցին մի շարք քարտեզներ, որտեղ Սյունիքի մարզն ընդհանրապես բացակայում էր և ընդգրկված էր Ադրբեջանի կազմում: Կա ներքին պայմանավորվածությո՞ւն, որ Սյունիքի մարզը մաս-մաս հանձնվի, դժվարանում եմ ասել, բայց կարծես թե սցենարը տանում է դրան: Սա խայտառակություն է, սա անթույլատրելի է և ամբողջ ուժով պետք է հակազդել սրան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետով բառացի ասվում է. «2020թ․ նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերահաստատեց դա՝ ասելով. «Պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որի ժամանակ մենք ստորագրել ենք հայտարարությունը, և հենց այնտեղ էլ պետք է բոլորը կանգ առնեն»:

Արտակ Գրիգորյանը տեղի ունեցողը պատահական քայլեր չի համարում. «Թե բացի այդ տխրահռչակ կապիտուլյացիոն փաստաթղթից, էլ ի՞նչ ներքին պայմանավորվածություններ կան, պետք է հասկանալ, իսկ հասկանալու համար միակ փաստացի վիճակը, որ մենք կարող ենք գնահատել, այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին ձեռքերը վեր են բարձրացրել, քաշվել են մի կողմ և դաշտը միայն թողել են ադրբեջանցիների առաջ: Իսկ ախորժակը ուտելուց է բացվում: Այս օրհասական իրավիճակից դուրս գալու միակ ելքը իշխանափոխությունն է, քանի դա տեղի չի ունեցել, որևէ պետական մարմին չի գործում և, ընդհակառակը՝ ծառայում է թշնամուն»:

Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում ասել էր. «Իմ հրաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է»: Արտակ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ասել է՝ էլիտար բունտ, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, և ո՞ր ժողովրդի մասին է նա խոսում:

«Գիտեք՝ հետաքրքիր դեբատների առարկա դարձավ այդ «էլիտար բունտ» հասկացությունը: Նախ պետք է հասկանալ, թե ինչ է հասկանում՝ «էլիտա», «ժողովուրդ» ասելով՝ Նիկոլ Փաշինյանը: Նրա պատկերացումներն այս եզրույթների վերաբերյալ կատարելապես տարբերվում են իրականությունից: Եթե խոսքը էլիտար բունտի մասին է, ապա ես շատ շոյված եմ զգում, որ այդ բունտի մասնիկներից եմ: Որևէ ժողովրդի, որևէ հասարակության առաջ մղող, ուղղորդող ուժը տվյալ ազգի էլիտան է՝ բոլոր ոլորտներում: Էլիտան այն հատվածն է, որը կարողանում է խորությամբ ընկալել ամբողջ պրոբլեմատիկան, որը կարողանում է վերլուծել իր հասարակության, իր քաղաքացիների առջև կանգնած բոլոր խնդիրները և կարողանում է գտնել դրանց լուծման ճիշտ տարբերակներ: Եթե Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, թող մի հատ նայի, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ժողովուրդն այլևս իր կողքին չէ: Նա ուղղակի ժողովուրդ ասելով՝ հասկանում է միայն այն հատվածը, որն իրեն է պաշտպանում: Ես շատ լավ հիշում եմ Նիկոլ Փաշինյանի առաջին ամանորյա տեսաուղերձը, որտեղ նա հստակ շնորհավորեց միայն իր կողմնակիցներին: Ինքը ժողովուրդ համարում է միայն իր կողմնակիցներին, որոնք կարող են լինել 800 հազար հոգի կամ 200 հազար հոգի: Եթե իրեն նախկինում ձայն տվող 800 հազար հոգուց, դիցուք, այսօր իրեն կողմնակից են մնացել միայն 200 հազարը, իր համար ժողովուրդը այդ 200 հազարն է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը, Արտակ Գրիգորյանը հետևյալն ասաց. «Նա չի հասկանում, թե ինչ է նշանակում՝ պատասխանատվություն, և ինչ է ենթադրում պատասխանատվությունը, որոնք են դրա բաղադրիչները: Չի՛ կարող այդպես լինել: Լինել թիվ 1 պատասխանատու՝ նշանակում է՝ այդ գործընթացի տապալման դեպքում լինել թիվ 1 մեղավորը, իսկ մենք ունենք տապալված գործընթաց, ունենք տապալված պաշտպանություն, ունենք պարտություն. Ո՞վ է դրա մեղավորը, իհարկե, թիվ 1 պատասխանատուն, որն ի վիճակի չեղավ իրականացնել ճիշտ և ճկուն քաղաքականություն, ճիշտ և ճկուն դիվանագիտություն, չկարողացավ ճիշտ մոբիլիզացնել բանակը: Ընդհակառակը՝ բոլոր քայլերը տարել են դեպի կանխամտածված պարտություն»:

Հարցին՝ առնվազն նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություններ, որոնք հերքվում են ամենաբարձր մակարդակով՝ ՌԴ նախագահի մակարդակով՝ Շուշիի հետ կապված, ՀՀ ԱԳՆ խոսնակի մակարդակով՝ դարձյալ Շուշիի հետ կապված, ՌԴ ՊՆ-ն հերքեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե ռուս խաղաղապահներ են հայտնվել շրջափակման մեջ. օրեր առաջ անվտանգության նիստի ժամանակ մեդիատեռորից բողոքող Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է ակնհայտ ապատեղեկատվություն տարածում, նա պատասխանեց. «Թիվ 1 մեդիատեռորիստը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, եթե կա նման երևույթ: Ինքը շատ հաճախ չկարևորելով իր խոսքի էությունը, այդպես ընդդիմադիր գործիչ էլ մնաց, լինելով պետության ղեկավար՝ ինքը դարձավ ընդդիմության ընդդիմություն, այդ կերպարից չի կարողանում դուրս գալ, դա մեր մեծագույն ողբերգությունն է: Դա է պատճառը, որ մենք բազմիցս ականատես ենք եղել նրա ստահոդ տեղեկություններին, իրարամերժ ինֆորմացիոն մատուցումներին, որոնք հերքվում են բոլորի կողմից: Ինքը խճճվել է իր ստերի մեջ, չի հիշում՝ 5 օր առաջ ինչ է ասել, և այսօր ասում է մի բան, որը 5 օր առաջ լրիվ հակառակն էր ասել: Ստեղծված իրավիճակում մենք անընդհատ ապտակներ ենք ստանում նաև միջազգային հանրության կողմից: Հայաստանը դարձել է շատ անլուրջ պետություն՝ իր անլուրջ ղեկավարով հանդերձ, և այս ղեկավարը դեռևս ցանկանում է 6-ամսյա ճանապարհային քարտեզ ներկայացնե՞լ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս