«Անդրանիկ Քոչարյանի, Վահան Քերոբյանի գրպանը կլցվի փողով, ապօրինի գույքը կգնեն թուրքերը, Հայաստանն էլ Թուրքիայի պոլիգոն կդառնա». Ավետիք Իշխանյան

Արդեն երկու օր է՝ բավականին լարված է իրավիճակը Սյունիքի մարզում։ Այսօր վաղ առավոտից սյունեցիները փակել են Երևան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն և անվտանգության երաշխիքներ են պահանջում իշխանությունից՝ նշելով, որ ադրբեջանական կողմից իրենց տրվել է հայկական դիրքերը զիջելու հրահանգ ու դրվել ժամանակացույց։ Կապանի քաղաքապետը երեկ հայտնեց, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն Կապանի և հարակից 13 գյուղերի դիրքերը, իսկ ավելի ուշ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ հղեց՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում՝ հայրենիքը պաշտպանելու համար:

Հրապարակախոս, հասաակական գործիչ Ավետիք Իշխանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց, որ կատարվողը ցույց է տալիս, որ Հայաստանում անիշխանություն է, չկա պետական համակարգ, իսկ պետական գործերով զբաղվում են համայնքապետերն ու գյուղապետերը, բայց հարց է առաջանում, իսկ կամավորներն ու գյուղացիներն ինչպե՞ս կարող են ադրբեջանաթուրքական զորքերի դեմ պայքարել։

«Մյուս կարևոր հարցն այն է, որ անկախ նրանից, թե դու ինչպես ես առաջինը տարածք զիջում, մեկ է՝ դու հոգեբանորեն դառնում ես պարտված, և հաղթող կողմը քեզ անընդհատ զիջումներ է պարտադրելու այնքան, մինչև դու կործանվես։ Հիմա Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանը վերացնել, և երբ պետության ղեկավարն իր ապիկարության պատճառով կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, բնական է, որ թշնամին շարունակելու է քաղաք առ քաղաք իր հաջողություններն ավելացնել։ Եթե նա մնաց իշխանության, չի բացառվում, որ նոյեմբերի 9-ի նման՝ հիմա էլ լսենք հերթական կապիտուլյացիայի մասին, որով հանձնվել է Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Եղեգնաձորը, և մենք մնացել ենք Արարատյան դաշտավայրի վրա. դրանից հետո էլ նա դարձյալ հրաժարական չի տա։ Ամեն ինչ գնում է սրան»,- ասաց Իշխանյանը։

Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, սակայն, հավաստիացրել էր, որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու, Ավետիք Իշխանյանը պատասխանեց.

«Ընդհանրապես, պետական ապարատի ցանկացած պաշտոնյայի խոսքը 100 տոկոսանոց սուտ է, դա նույնն է, որ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե մենք հաղթելու ենք»։

Հրապարակախոսի պնդմամբ՝ ամենաողբերգականն այն է, որ հայ ժողովուրդը, որը կորցրել է Արցախի մեծ մասը, այդքանից հետո շարունակում է մնալ թմբիրի մեջ։ Պատճառը, ըստ Իշխանյանի, այն է, որ կորցրել ենք մեր ինքնապաշտպանական բնազդը։

«Դուրս եկեք փողոց, տեսեք, թե մարդիկ ինչպես են պատրաստվում նոր տարվան, էլ չեմ խոսում այն անհայրենիք և ստամոքսով մտածող շերտերի մասին, որոնք պաշտպանում են այս վարչապետին։ Վաղը կամ մյուս օրը նույն այս մարդիկ շատ հանգիստ կվերաբերվեն Վարդենիսը, Սյունիքը և այլ տարածքներ Ադրբեջանին տալու հետ»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանից պոկվող տարածքներով սահմանների սահմանագծումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, սակայն այդ սպառնալիքը միակը չէ. արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ իշխանությունների շանտաժը ևս մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիք է։

«Մեր, պայմանական ասած, հակառուս գործիչները՝ որպես Հայաստանի փրկիչ ու հովանավոր, տեսնում են Եվրոպան, ԱՄՆ-ը և այլն, բայց նրանք քարտեզին երևի չեն կարողանում նայել, նրանց թվում է, թե Հայաստանը գտնվում է Եվրոպայում, չեն տեսնում, որ այդ նույն Արևմուտքի հիմնական դաշնակիցը Թուրքիան է։ Եթե դու հակառուսական կեցվածք ես ընդունում, ապա դու դառնում ես Թուրքիայի պոլիգոնը, ուստի ստացվում է, որ իրականացվում է թուրքական պրոյեկտ, որի գինը եղավ Արցախը, իսկ հիմա շարունակվում է և կլինի Հայաստանը, որովհետև բազմիցս ասվել է, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ մեր լեռները, հիշենք Կիլիկիայից ֆրանսիական զորքերի դուրսբերումը. ոչինչ չի փոխվել։ Վարչապետը այսպես գուցե շանտաժ է անում, որ Ռուսաստանն իրեն պաշտպանի, բայց ավելի հավանական է, որ սա քաղաքականություն է, որի արդյունքում Հայաստանը դառնալու է Թուրքիայի պոլիգոն»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Ինչ վերաբերում է իշխանության վերին օղակներում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման մասին խոսակցություններին, ապա Ավետիք Իշխանյանը դա համարեց այս իշխանության գրպանները լցնելու միջոց, ինչո՞ւ չէ, նաև դա կարող է լինել Փաշինյանի՝ իշխանության մնալու գինը։

«Այդ մարդկանց հետաքրքրում է իրենց հարստանալը։ Իրենք արդեն պատկերացնում են թուրք աղաների հետ իրենց բիզնեսները, և դա լինելու է նաև Փաշինյանի՝ իշխանություն պահելու գինը։ 2018 թվականին սկսվեց այս ծրագիրը, որի արդյունքում Հայաստանում արժանապատվություն ունեցող մարդիկ կարտագաղթեն, մյուսները կանցնեն թուրքի թրի տակով, Հայաստանում կծաղկի թուրքական բիզնեսը, որը կհովանավորվի պետության կողմից՝ հարկերից ազատում և այլն։ Թուրք աղաների համար հայերը կաշխատեն՝ որպես աման լվացողներ, իսկ այդ նույն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու Անդրանիկ Քոչարյանի գրպանը փող կլինի, նրանց հետաքրքրում է փողը»,- ասաց Իշխանյանը՝ նշելով, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումից հետո էլ այդ գույքերի տերերը կդառնան թուրքերը։

«Թուրքերը բավականին լավ գումարներով կգնեն, ու այդ գումարը կգնա իրենց պարգևավճաներին ու տարբեր հիմնադրամներին»,- ասաց հրապարակախոսը։

Հարցարզրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս