Նիկոլ Փաշինյանի վտանգավոր խաղերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված  հանդիպումն այսօր չեղարկվել է։ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասել է, որ չեղարկման նախաձեռնությունը հայկական կողմինն է եղել: «Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հաշվի է առնվել այն փաստը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- բացատրել է նա։ Տարածաշրջանային այցի շրջանակում Բաքու այցից հետո Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):

Որո՞նք են եղել այս քայլի իրական դրդապատճառները, դժվար է ասել։ Առաջին հայացքից սա ժեստ է՝ ուղղված Ռուսաստանին, քանի որ ներկայացվում է, որ հանդիպումը չեղարկվել է Ռուսաստանի համանախագահի բացակայության պատճառով։ Սա, սակայն, վտանգավոր, չափազանց վտանգավոր քայլ է, քանի որ այսպիսով Արցախը դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչը որևէ կերպ չի բխում հայկական կողմի շահերից։

Այո, Ռուսաստանի դոմինանտության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կորցրել իր կշիռը, սակայն անգամ այդ պարագայում դրա գոյությունը բխում է առաջին հերթին՝ հայկական կողմերի, առավել ևս՝ Արցախի շահերից։ Արցախի սուբյեկտայնության դե ֆակտո ոչնչացումից հետո Արցախի նախագահն ինքը պետք է շահագրգիռ լիներ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ նրանք կարող էին անգամ Արցախի ղեկավարությանը չհանդիպել ընդհանրապես։ Ըստ ամենայնի, այդպես էլ կլինի առաջիկայում, քանի որ նման հրապարակային  ապտակից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն այլևս հազիվ թե Արցախի ղեկավարությանը հանդիպելու ցանկություն ունենան։

Այսպիսով, Արցախի նախագահը ներքաշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին հեղինակազրկելու ոչ հայանպաստ գործին՝ միանալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով Բաքվում համանախագահներին ուղարկեց գրողի ծոցը։ Միամտություն կլինի կարծել, թե Արայիկ Հարությունյանը նման քայլի է դիմել սեփական նախաձեռնությամբ, առանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնության, իսկ որ ավելի հավանական է՝ հանձնարարության։ Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն ինքն է ներքաշվել Մինսկի խմբի համանախագահության տորպեդահարման գործին։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մտել է երկակի ու վտանգավոր խաղի մեջ։ Մի կողմից՝ նա իր ազդեցության տակ գործիչների ու խմբերի միջոցով հակառուսական ակցիաներ է կազմակերպում, ինչպես Հայկ Խանումյանի ավանտյուրան Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ առաքելության դիմաց և «Սասնա ծռերի» հակառուսական այսօրվա ակցիան ԱԳՆ-ի առջև, մյուս կողմից՝ Արայիկ Հարությունյանի միջոցով հարվածում է Մինսկի խմբին՝ հաճոյանալով Ռուսաստանին։ Հետևաբար՝ պետք է հասկանալ նաև, թե այս վտանգավոր խաղում ինչը կարող է նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը, քանի որ նա հիմա այլևս որևէ այլ նպատակ չունի և պատրաստ է հանուն դրա զոհաբերել՝ ինչպես առանց այդ էլ փխրուն հայ-ռուսական հարաբերությունները, այնպես էլ՝ Արցախի հարցի լուծման հեռանկարի առումով կենսականորեն կարևոր ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Արշավիր Իշխանյան  

Տեսանյութեր

Լրահոս