«Ես գիտեմ, որ իրենք, բացի Փաշինյանից, ոչ մեկին չեն տեսնում». Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին

«Որքանով հասկանում եմ՝ Ռուսաստանն է կոչ արել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լինի, եթե չուզենային լիներ, իրենց ներկայացուցիչը չէր մասնակցի։ Հետևաբար՝ կարծում եմ՝ կարգավիճակի մեծ բեռը որևէ կողմ չի ուզում միանձնյա իր վրա վերցնի և այդ մասով խնդիրն առաջ տանի։ Սա է նաև այն փաստը, որ Մինսկի խումբը շարունակելու է գործել։ Ռուսաստանը չի ասում, որ այս խումբը պետք չէ, մենք Արցախում ենք, կբանակցենք, խաղաղապահներն էլ կանգնած են՝ չկա նման տեսակետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային ձևաչափին։

Ի դեպ, և Ադրբեջանում, և Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների հետ հանդիպումներին Ռուսաստանի կողմից մասնակցել են համապատասխանաբար տվյալ երկրում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Հայաստանում այսօր տեղի ունեցած արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Իսկ խորհրդարանում լրագրողների հարցին, թե արդյո՞ք  Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Մինսկի խմբի շրջանակում կարգավիճակի լուծման հարցը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ հարց է տվել նրան, և պատասխանը եղել է հետևյալը՝ հայկական կողմը կարևորելու է և շարունակելու է աշխատել Մինսկի խմբի հետ։

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ չի եղել գործակալական ցանցի մասին որևէ քննարկում, որին ինքը մասնակցել է։

«Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է գործակալական ցանցի մասին՝ գնացեք իրեն հարցրեք, այդ ի՞նչ գործակալական ցանց է։ Կարծում եմ՝ պետական խողովակները և մեր իրական մեդիաներն այս խնդրի հետ կապված պետք է որոշակի գործառույթներ ունենան, գոնե այն, ինչը տրամաբանության և ողջամտության սահմաններում չէ՝ չպատճենեն ու չտարածեն։ Ես էլ եմ լսել, որ ինչ-որ մարդիկ ասում են, թե Սևանը կիսում են, պատկերացնո՞ւմ եք, ես էլ գրեի, որ վարչապետը չի հեռանում, դրա պատճառով հիմա էլ Սևանն են կիսում։ Բա լավ, ես իմ խոսքի հանդեպ պատասխանատվություն կրո՞ւմ եմ, թե՞ չէ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ մեդիատեռորիստների ճանաչո՞ւմ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ չի ճանաչում։

«Լռությունը վակուում է առաջացնում, և մարդիկ ասում են, եթե չեն հերքում, ուրեմն՝ հաստատ սրանք Սևանը հանձնում են։ Հիմա որ ասում են՝ Սյունիքը հանձնում են, Սուրեն Պապիկյանը կարող էր, չէ՞, մի ասուլիս տալ ու դա հերքել, այսինքն՝ այս առումով իշխանությունը պետք է լինի պրոակտիվ։ Տեսե՞լ եք Պաշտպանության նախարարությունը Արցախի երկու գյուղերի վրա հարձակման մասին երբ է հայտարարել՝ ամբողջ օրը եղել է, գիշերն անցել է, լույսը բացվել է, փողոցում զորք է գնում, ուղղաթիռ, որից հետո  նոր ասել են»,- շեշտեց նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ խորհրդարանն ինչպես կա, այնպես էլ պետք է մնա, իրենք առաջարկում են, որ խորհրդարանն ընտրի ուրիշ վարչապետ։

«Իշխանությունը չեն տվել անձին, այն տվել են խորհրդարանին»,- նշեց նա։

Հարցին՝ համաձա՞յն են, որ վարչապետ ընտրվի իշխանության ներկայացուցիչներից մեկը, օրինակ՝ շրջանառվում է Արարատ Միրզոյանի և իր անունը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ իրենք, բացի Փաշինյանից, ոչ մեկին չեն տեսնում»։

Տեսանյութեր

Լրահոս