«Փաշինյանը հայտարարված երթի մասնակիցներին ներկայացնելու է որպես իր աջակից, ողբերգության վրա խաղալն անհնար է ընկալել». Շուշան Պետրոսյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց ժողովրդի հետ» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվելու, ինչպես նաև հիշատակի երթ է կազմակերպվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:  Այսօր ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ մտավորականների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը մտավախություն հայտնեց, որ երթի մասնակիցները կարող են ներկայացվել՝ որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ:

«Բնական է, որ բոլոր որդեկորույս ընտանիքները, մենք էլ մեծ սիրով կմիանանք երթին՝ կիսելու համար նրանց վիշտը, որովհետև վիշտը բոլորինս է, պիտի գնանք այդ սրբազան ճանապարհն անցնելու: Բայց մենք, շատ լավ ճանաչելով նրան, գիտենք, որ դա մանիպուլյատիվ զենքերից մեկն է, այսինքն՝ նա երթի  բոլորի ներկաներին ներկայացնելու է՝ որպես իր համակիրների, սա հերթական անբարոյական քայլերից  մեկն է: Ի՞նչ տարբերակ ունենք, ի՞նչ ելք ունենք, որ բոլոր փակ աչքերը բացվեն: Այս ողբերգության վրա խաղալը անհնար է ուղղակի ընկալել»,- ասաց Պետրոսյանը:

Երգչուհին պնդեց, որ բարեկիրթ լինելու ժամանակն անցել է, և հարցրեց, թե որքա՞ն են տևելու հանրահավաքները:

«Երկրի հերն անիծել է այդ տղան»,- ասաց Պետրոսյանը:

Վազգեն Մանուկյանը համաձայնեց երգչուհու հետ, որ կազմակերպվելիք երթն ազնիվ նպատակներ չունի:

«Այն ամենի տակ, ինչ անում է Նիկոլը, սիրտ և զգացմունք չկա, կա միայն մանիպուլյացիա: Պետք է ասել, որ ինքը մեծ շնորհք ունի այդ հարցում, լավ մանիպուլյատոր է: Սգի օր պետք է լինի, բայց պատահական չի, որ այն համընկնում է շարժման հայտարարած մեծ հանրահավաքի օրվա հետ, պատահական չէ, որ այդ օրն էլ է փակվում»,- ասաց Մանուկյանը և ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպված երթին չի մասնակցելու, քանի որ չի ցանկանում նրա հետ նույն շարքով քայլել:

Շուշան Պետրոսյանն առաջարկեց, որ Վազգեն Մանուկյանը երթ կազմակերպի դեպի Եռաբլուր:

Տեսանյութեր

Լրահոս