Դատախազությունը, ԱԱԾ-ն ստիպված են Նիկոլ Փաշինյանի ցանկությունները բավարարելով բերել այս բողոքը. Աննա Մկրտչյան
«Մենք արդեն բազմիցս այս երկուսուկես տարիների ընթացքում համոզվել ենք, որ, ցավոք սրտի, բայց ՀՀ իրավական համակարգն ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ, ու ենթակություն ասելով՝ ես նկատի ունեմ ոչ թե օրինականության և իրավականության շրջանակները, այլ ցանկությունների շրջանակներում, այն ցանկությունների, որոնք Նիկոլ Փաշինյանը հայտնում է հերթական անօրինականությունը կազմակերպելու շրջանակներում:
Դրա վառ ապացույցն այն է, որ, օրինակ, ՀՔԾ պետը առանց որևէ հիմնավորման կարող է Մխիթար Գոշ մեդալին արժանանալ: Բայց ես ձեզ այդ հիմնավորումը կարող եմ ներկայացնել՝ դա ընդամենը Նիկոլ Փաշինյանի կամակատարը լինելու պարգևն է իրեն տրված »,- Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ հայտնեց ՀՀԿ անդամ, իրավաբան Աննա Մկրտչյանը:
Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում տեղի ունեցող մի շարք իրադարձություններին՝ նա նկատեց. «Հայաստանի Հանրապետությունը կտրտող Նիկոլ Փաշինյանը, այն մարդը, ով խայտառակ կապիտուլիացիոն փաստաթութղթ է ստորագրել, պետք է ռեպրեսիաներ և բռնաճնշումներ իրականացնի, որովհետև իրեն հայրենիք ունեցող հայրենասեր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում պետք չեն, քանի որ իրեն խանագարելու են հանձնելու Սյունիքը, Ագարակը՝ ինչպես արեց Արցախի հետ»:
Աննա Մկրտչյանը համոզված է, որ Վահրամ Բաղդասարյանի գործը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ցանկության դրսևորումն է. «Այն ուղղակի ոչ մի կապ չունի օրինականության հետ և և քննության հետ:
Առաջին ատյանում ձերբակալման որոշման օրինականության քննության ընթացքում հենց նիստի ժամանակ փաստաբանը դուրս եկավ և ասաց որ հենց իրենք դատախազությունում ընդունել են, որ այն տեսանյութը, որ կա, իրականում մոնտաժված է և ամբողջությամբ չի արտացոլում այն իրականությունը, որը կա և գործի նյութերի, հիմքերի հետ շատ քիչ ընդհանրություններ ունի:
Ինչ վերաբերում է այսօրվա վերաքննությանը, ապա հերթական անգամ Դատախազությունը, ԱԱԾ-ն ստիպված են Նիկոլ Փաշինյանի ցանկությունները բավարարելով՝ բերել այդ բողոք, և կարծում եմ՝ իրենք էլ շատ լավ իմանալով ու հասկանալով, որ դա հիմնավորում չունի, քանի որ դատախազությունում, այնուամենայնիվ, կան պրոֆեսիոնալներ. այլ հարց է, որ հիմա իրենք թողնելով իրենց մասնագիտական և մարդկային արժանապատվությունը՝ ամբողջության Նիկոլ Փաշինյանի անօրինական ցանկություններն են բավարարում»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված աղմկահարցույց փաստաթղթի դեմ Երևանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ՝ սկսվել են զանգվածային քաղաքական հետապնդումներ. հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաև՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։
Ձերբակալվել են ընդդիմադիր և հասարակական գործիչներ, և նրանց մեծ մասին նաև մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաև իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։
Դատարանը ոչ միայն իրավաչափ չէր համարել Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի ձերբակալությունը, այլև փաստել, որ կալանավորելու համար հիմքեր չկան՝ բացակայում է հիմնավոր կասկածը։
Դատախազությունը նշված որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել բոլոր 4 մեղադրյալներին։