«Շուշի հանձնողների հրամանները կատարելիս թող հիշեն, որ Արամ Մանուկյանի հիմնած կառույցի ծառայողներ են». Ռուբեն Մելիքյանը՝ ոստիկաններին

Այսօր մի խումբ ընդդիմադիր գործիչներ հավաքվել էին ՀՀ Ոստիկանության շենքի մոտ: Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որ բազմիցս իրականացրել է բերման ենթարկվածների պաշտպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, ուղերձ ունեն ոստիկաններին:

«Ուղերձ ունենք Ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ: Օրեր առաջ ես ոստիկաններին հորդորեցի, խնդրեցի, որ նրանք իրենց չպահեն՝ որպես իրենց թևերին ադրբեջանական «շևրոն» կրող ոստիկաններ: Ցավոք սրտի, վերջին օրերը ցույց տվեցին, որ այս մարդկանց մեջ կան այնպիսինները, որոնք իրենց պահում են որպես ադրբեջանական «շեվրոն» ունեցող մարդիկ: Նրանք շատ չեն, բայց այդպիսինները կան:  Մեզ հետ բերել ենք ադրբեջանական շևրոն, որ ցույց տանք մեր Ոստիկանությանը և հորդորենք, որ այս ադրբեջանական «շևրոնը» վերացնեն, որը նրանց մի մասն իրենց թևին են կրում, մի մասն էլ, երևի, սրտերի մեջ,  որովհետև մենք ՀՀ-ում ենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, և մեր Ոստիկանությունը պարտավոր է մեզ վերաբերվել՝ որպես իրենց հայրենակիցների»,- ասաց Մելիքյանն ու պատռեց ադրբեջանական ոստիկանության տարբերանշանի նկարը, որը բերել էին իրենց հետ:

Իրավաբանը նաև նշեց, որ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Հորդորեց նրանց խստորեն պահպանել օրենքի պահանջները և հիշել, որ իրենք Արամ Մանուկյանի հիմնած ՀՀ ոստիկանության ծառայողներն են:

«Շուշի հանձնողների հրամանները կատարելիս թող հիշեն, որ նրանք Արամ Մանուկյանի հիմնած կառույցի սպաներ և ծառայողներ են»:

Մելիքյանը նաև նշեց. «Մենք ամեն օր մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր երկրում մեզ զգում ենք ծնկած, որովհետև մեր երկրի ղեկավարը թշնամու առջև ծնկած մարդ է, այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է թշնամու առջև ծնկած, թշնամու ծաղրուծանակին ենթարկվող մարդկանց խմբակ: Չի կարող մեր երկիրը ղեկավարել դավաճանը»:

Տեսանյութեր

Լրահոս