Սոթքի հանքը շահագործող տեխնիկական ինֆրաստրուկտուրան՝ անգարները, ավտոպարկը, ամեն ինչ մնացել է թշնամու կողմը. աշխատակիցներն անորոշ վիճակում են

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով դադարեցվել էին բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:

Ընկերությունը որոշում էր կայացրել դադարեցնել հանքի գործունեությունը, որպեսզի երաշխավորի աշխատակիցների անվտանգությունը: Իսկ նոյեմբերի 26-ին լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։

Դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասել էր, որ Սոթքի հանքավայրի վարչական շենքը գտնվում է հայկական կողմում, որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի մի հատվածքում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ-երն ավելի ճշգրիտ են տեղավորվել։

«Հանքի շահագործման հարցերն ունեն իրավական հիմնավորումներ, դրանք նույնպես բանակցային գործընթացի հարցեր են և առաջիկայում կքննարկվեն»,- հավելել էր Ավինյանը։

Հանքավայրի աշխատակիցներն անորոշ և անելանելի վիճակում են:

«Չվճարվող պարապուրդի ենք մատնված: Եթե գործատուի պատճառով լիներ, այդ դեպքում պարտավոր էին աշխատավարձի 2/3-ը վճարել, բայց եթե ֆորսմաժորային պարապուրդ է, գործատուի իրավունքները պաշտպանված են, ինքը կարող է և չվճարել, դրա համար մեզ չեն վճարելու դեկտեմբերի 1-ից, ուղարկվել ենք չվճարվող պարապուրդի: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար մեզ վճարել են»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները:

Նրանք նշեցին նաև, որ վարչական շենքի՝ տուժելու մասին խոսք գնալ չի կարող, քանի որ այն շատ հեռու է հանքավայրից:

«Վարչական շենքը չի էլ գնացել այն կողմ, որ գա այս կողմ: Թշնամու զորքերը, որ օկուպացրել են հանքը ու անընդհատ տեսանյութեր են հրապարակում, պարզվում է, որ հանքը շահագործող տեխնիկական ենթակառուցվածքը (ինֆրաստրուկտուրան)՝ անգարները, ավտոպարկը և այլն, ամեն ինչ մնացել է այն կողմում: 10 տարի գնացել աշխատանքի, եկել ենք, չենք մտածել, որ մի օր աշխատանք ենք կորցնելու»,- նշեցին հանքավայրի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Հայաստանի 10 խոշոր հարկատուներից մեկն է։ 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ խոշոր հարկատուների 4-րդ հորիզոնականում էր և ապահովել է ընդհանուր 16 264 679 000 դրամի մուտք ՀՀ պետական բյուջե։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են։ Բաժնետոմսերի հսկիչ փաթեթը` 50,3 %–ը, պատկանում է «Գեոպրոմայնինգ» ընկերության հիմնադիր Սիման Պովարենկինին:

Տեսանյութեր

Լրահոս