«Հստակ գիծ կա գծված՝ կամ Հայաստանի հետ ես, կամ Փաշինյանի. Փաշինյանը վտանգ է մեր երկրի համար». Գոռ Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունը՝ իրենց բոլոր քայլերով, թե՛ պատերազմից առաջ՝ անցնող 2.5 տարիներին, թե՛ պատերազմի ընթացքում հասցրին նրան, որ նոյեմբերի 9-ին ստորագրեն այդ ամոթալի փաստաթուղթը: Միգուցե ամսի 9-ին արդեն վիճակն այնպիսին էր, որ չէին կարող չստորագրել, բայց ինչի՞ արդյունքում հասանք դրան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը ամբողջ պատերազմի ընթացքում և մինչև օրս էլ ավելի շատ ուշադրություն դարձրեց ներքաղաքական խնդիրների, քան արտաքին թշնամու խնդրի վրա:

«Ունենք այն, ինչ ունենք, և դրա միակ պատասխանատուն, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Մենք ունենք թշնամի, որը դարերով չի փոփոխվում՝ նույն թուրքը և ադրբեջանցին, և թշնամին չի բավարարվի եղածով, միշտ ուզելու է ավելին: Կա թշնամի, կա հարատև պայքար, և խաղաղությունը տալով՝ խաղաղություն չես կարող հաստատել, հողերը տալով՝ խաղաղություն չես կարող հաստատել: Խաղաղություն կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ուժեղ լինենք, երբ ունենանք ղեկավար, որի մտքով չի անցնի պարտությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն ուղղակի աղետ է մեր երկրի համար, նրա պաշտոնավարման ամեն օրը վտանգ է»,- ընդգծեց նա:

Գոռ Սարգսյանի խոսքով՝ հայ ժողովուրդն այսօր ազգային դժբախտություն է ապրում. «Երբ հարյուրավոր տարիներից հետո մենք վերջապես տարածք ազատագրեցինք, Արցախն ազատագրեցինք, հաղթանակ տարանք, մենք այս 30 տարիների ընթացքում դրանով էինք հպարտանում, դրանով էինք մեր ապագան կերտում, հերոս տղերքով էինք դաստիարակվում, իսկ այսօր այդ ամենը Նիկոլ Փաշինյանը ջուրը գցեց, կոտրեց այս ժողովրդի մեջքը և իրավունք չունի խոսել: Թող ժողովրդի կարծիքն իմանալու համար նրանք հարցում անցկացնեն, կարծում եմ, որ արդեն անցկացրել են այդ հարցումը, որովհետև խուճապ է իրենց մոտ, և թող տեսնեն, թե մարդիկ ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին»:

Հարցին՝ ամեն դեպքում ունենք իրավիճակ, երբ գործող իշխանությունների հայտարարություններից դատելով՝ նրանք չեն պատրաստվում հեռանալ, ելքը ո՞րն է, նա պատասխանեց. «Մենք հետ չենք կանգնելու մեր բարձրացրած խնդիրներից, և այսօր հստակ գիծ կա գծված՝ կամ Հայաստանի հետ ես, կամ Նիկոլ Փաշինյանի, դա հստակ է: Նիկոլ Փաշինյանը վտանգ է այս երկրի համար, ես էլ արդեն չգիտեմ՝ ինչ պետք է լինի, որ մարդիկ հասկանան դա: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ուղղակի վտանգ են, մեր ազգային անվտանգության հարցն է»:

Նա ընդգծեց՝ պետք չէ փրկիչներ, հրաշքներ գործողներ փնտրել, պետք է նայել թիմերին, մարդկանց, նրանց ունակություններին. «Մեզ հրաշքներ գործողներ պետք չեն, մեզ պետք են մարդիկ, որ գան, թևերը քշտեն և անցնեն պետականաշինության աշխատանքին, ստեղծեն համակարգեր, որ դրանք մարդկանցից կախված չլինեն: Ես հավատում եմ, որ կունենանք այդ երկիրը, բայց դրա առաջին բաղադրիչն այս իշխանություններին տուն ուղարկելն է, և դրան այլընտրանք չկա»:

Անդրադառնալով ոստիկանական ուժերի գործողություններին՝ նա ընդգծեց, որ նրանք ստիպված են անհամաչափ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ. «Երբ մեզ տանում են բաժիններ, գրեթե 90 տոկոսը նույն  գծի վրա է, ինչ որ մենք, բոլորը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրանք համաձայն են այն պնդումների հետ, որոնք մենք անում ենք: Ես և՛ հասկանում եմ իրենց, և՛ չեմ հասկանում, այսինքն՝ մարդիկ համակարգի մեջ են, տարիներով աշխատում են, վերջապես, ընտանիք են պահում, բայց կարծում եմ՝ պետք է հստակ համակարգը կեցվածք ցույց տա Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որովհետև սա իշխանության համար պայքար չէ, սա մեր հայրենիքի համար պայքար է: Ես այս երկրում ապահով չեմ ապրում, երբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում»:

Գոռ Սարգսյանը ՀՅԴ կամավորականների հետ մասնակցել է պատերազմին և չէր էլ պատկերացնի, որ պատերազմի վերջնարդյունքը կլինի կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը:

«Որտեղ որ մենք մարտական հերթապահության էինք, կապ չկար, հեռախոս չէր աշխատում, մենք էլ հեռախոս չէինք միացնում՝ ԱԹՍ-ների պատճառով, և պատահական ենք իմացել փաստաթղթի մասին. բոլորս շոկի մեջ էինք: Մենք մեր դիրքերում ամուր կանգնած էինք, բանակը ամուր կանգնած էր, թշնամին չէր կարողանում առաջ գալ: Ես գնացել էի հաղթելու, բայց վերադարձանք պարտված: Բայց մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանի թիմը, նրանց վարած արտաքին քաղաքականությունը, նրանց տեսակը, մեր տեսակը չի պարտվել: Պարտվել են օրվա իշխանությունները»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս