Երասխում բացվեց զոհված ռուս 2 օդաչուներին նվիրված հուշատախտակը
Արարատի մարզում ադրբեջանական ահաբեկիչների կողմից խոցված ու բռնկված ռուսական ուղղաթիռում զոհված երկու օդաչուներին նվիրված հուշատախտակ բացվեց Երասխում՝ դեպքից մեկ ամիս անց: Միջոցառմանը ներկա էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որն իր ելույթում շեշտեց հայ-ռուսական դարավոր բարեկամության կարևորությունը, որի խորհրդանիշներից մեկը դարձավ նաև այս հուշատախտակը:

«Նոյեմբերի 9-ին Նախիջևանի կողմից թուրք-ադրբեջանական ահաբեկիչները խոցեցին ռուսական խաղաղապահների ուղղաթիռը: Այդ խոցումն ուղղված էր ոչ միայն Հայաստանի Հանրապետության, ոչ միայն ուղղված էր Ռուսաստանի Դաշնության, այլ ուղղված էր նաև մեր բարեկամության և արևելաքրիստոնեական քաղաքակրթության դեմ: Շատ է խոսվել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների կարևորության մասին, հիրավի, վերջին 100-ամյակն այդ բարեկամության պատմությունն է, և համոզված եմ, որ Հայաստանում չկա գեթ մեկ բանական էակ, ով այդ բարեկամությունը չի կարևորում, մանավանդ այս պատերազմից հետո»,- իր ելույթում նշել է Էդուարդ Շարմազանովը:

Ասում են՝ յուրաքանչյուր պարտություն կամ ձախողում նոր վերելքի սկիզբ է դառնում, հավանաբար հենց դա նկատի ուներ քաղաքական գործիչը, երբ ասաց.
«Այդ նոր վերելքը կլինի միայն այն ժամանակ, եթե մենք գիտակցենք, որ մենք մեր երկրում թշնամիներ չպետք է ունենանք, եթե գիտակցենք, որ այստեղ բոլորս բարեկամներ ենք, Հայկի սերունդն ենք, չվախենանք մեկս մյուսին սիրելուց, չվախենանք մեկս մյուսի սխալը մատնանշելուց՝ նախ և առաջ՝ մեր սխալները, և բարեկամություն անենք մեկս մյուսի հետ, որովհետև ինչպես Նժդեհն էր ասում՝ զինակցում են և դաշնակցում են միայն ուժեղների հետ, իսկ բզկտված, թուլացած, իրար վրա քար նետող հասարակության հետ դժվար է դաշնակցել: Մենք պետք է ուժ գտնենք, ճշմարտության ուղին գտնենք և գնանք դեպի հավիտենականություն, իսկ որ սա վերջին պատերազմը չէ, սա էլ է բոլորիս պարզ: Մենք ճակատագրի բերումով քրիստոնեական օազիս ենք պանթուրքիզմի պլանների համար, դրա համար մենք պետք է միասնական լինենք, գիտակցենք, որ մեր ապագան նախ և առաջ մեր ձեռքերում է, մեր ապագան նախ և առաջ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Պարզվել էր, որ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռը, 2 օդաչուները զոհվել էին:



