Արսեն Թորոսյաննը հանդիպել է Ժորժ Քեփենեկյանի և Քելիլ Այթուի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով:

Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների, հումանիտար օգնությունների մասին` կողմերն անդրադարձել են վիրավոր զինվորներին անհրաժեշտ վերականգնողական բուժման կազմակերպման աշխատանքներին:

Ժորժ Քեփենեկյանն նշել է, որ պատրաստ են նաև աջակցություն ցուցաբերել այդ հարցում, հավելելով, որ քննարկումներ են ընթանում ֆրանսիական Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքների և Հայաստանի բժշկական կազմակերպությունների միջև` այս ոլորտում համագործակցություն ծավալելու վերաբերյալ:

«Բոլոր վիրավոր զինվորները տեղափոխվել են Հայաստան և իրենց բուժօգնությունն ամբողջովին կազմակերպվում է այստեղ: Սակայն նրանք կարիք ունեն նաև վերականգնողական բուժման, և այդ ուղղությամբ Հայաստանի առողջապահական համակարգը քայլեր է ձեռնարկում ոլորտը զարգացնելու նպատակով», – բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը` ասել է Արսեն Թորոսյանը:

Միաժամանակ, կողմերը քննարկել են հումանիտար օգնության հնարավոր տարբերակները` ոչ միայն երկու երկրի կառավարությունների, այլև հիմնադրամների, մասնավորապես «Մերիո» հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչի կապակցությամբ էլ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ:

Տեսանյութեր

Լրահոս