ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը իր իտալացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման ուղիները

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը։

Իտալական կողմը պատրաստականություն հայտնեց ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մատնանշեց Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդարացի իրացումը Հայաստանի համար մնում է առաջնահերթություն։ Ավետ Ադոնցը վերահաստատեց բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի շրջանակներում շարունակելու կարևությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ երկուստեք կարևորելով հայ-իտալական համագործակցության հետագա խորացումը և ընդլայնումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031