Այս պահից սկսած ՀՀ քաղաքացիներն ազատ են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար․ Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ վերահաստատել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ու դա փոխանցել էին վարչապետին՝ Կառավարական ամառանոցի բակում: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ էին տվել մինչև նոյեմբերի 8-ի 12:00-ն հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում հայտարարել էին, որ սկսելու են անհնազանդության ակցիաներ:

«Այս պահից սկսած մինչև 17:00-ն ՀՀ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց  խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները և գործողություններն անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար»,- վարչապետին տրված ժամանակը լրանալուց հետո ելույթ ունենալով՝ հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը դիմեց քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, հորդորեց նրանց չտրվել սադրանքներին: Ապա խոսքն ուղղեց իրավապահներին:

«Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և  երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը:

Ելույթում ՀՅԴ ԳՄ անդամը նաև խոսք ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անցնցում հեռանալ:

«Նիկոլ, միևնույն է, դու հեռանալու ես, հեռացի՛ր անցնցում: Գոնե այս անգամ խնայի՛ր մեր ժողովրդին, պետությունը և պետականությունը: Գնա՛ անցնցում, մի՛ խաթարի մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ելույթն ավարտելով՝ ՀՅԴ ԳՄ անդամը վերահաստատեց, որ այդ պահից սկսած ՀՀ քաղաքացիներն ազատ են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար:

«Չտրվե՛ք սադրանքների: Ամեն ինչ պետք է լինի օրինականության և Սահմանադրության շրջանակներում»,- խոսքն ավարտելով՝ ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս