Հայ ռազմագերիներին գերությունից վերադարձնելու մասին քննարկումը կանցկացվի ոչ թե բաց, այլ փակ նիստով

Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց որոշման նախագիծ, որով հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի ոչ թե բաց, այլ փակ նիստով։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ դիմել են ԱԺ նախագահին նիստը փակ անցկացնելու համար, որպեսզի չվտանգվի ռազմագերիների անվտանգությունը։

Քվեարկությունն անցկացվեց 3 անգամ, քանի որ պատգամավորները հայտնում էին, որ քվեարկության կոճակները չեն աշխատել, և իրենք չեն կարողացել քվեարկել։

Քվեարկության 3-րդ փորձից հետո նոր նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարողացավ ամփոփել քվեարկության արդյունքները։

Քվեարկությունից րոպեներ անց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով քվեարկությանը, գրեց.

«Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը… Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»։

Ըստ Մարուքյանի՝  երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել, և, երբ որ հասկացել են, որ անհնարին է տապալել, որոշում է ընդունվել փակ անել:

Տեսանյութեր

Լրահոս