«Գոնե ընկածի հետևից գնան, չթողնեն դառնան խոզի բաժին». անհետ կորածի ազգական
Այսօր Էջմիածնի զորամասի առջև անհետ կորած զինծառայողներին գտնելու հույսով ակցիա անցկացնող քաղաքացիներին բարկացրել էին վարչապետի օգնականի հնչեցրած պնդումները իրենց հետ ունեցած հանդիպման ժամանակ, թե Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում չեն կարողանում որոնողական աշխատանքներ կատարել:
«Փաշինյանի խորհրդակա՞նն ա, օգնակա՞նն ա, ասում է՝ կամ պատերազմ, բանակցություններն էլ չեն ստացվում: Ընտրելու տարբերակ չկա, ուրեմն պատերազմ անենք: Ես կանեմ, իմ ախպերն ա ընդեղ: Ես իմ տներն էլ կծախեմ, զենք կհայթայթեմ, կեթամ կանեմ, հետո կասեն՝ Հայաստանը հարձակվեց, բերեք անենք, բոլոր ծնողներով եկեք անենք, թող ասեն՝ Հայաստանը հարձակվեց, գան հասնեն Էջմիածին»,- ասաց հարազատներից մեկը:
Ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշն էլ ասաց, որ ծնողների համար դժվար է հասկանալ այն, ինչ ասվում է:
«Ծնողը ո՞նց պետք է հասկանա, որ բանակցությունները կառավարությունը չի կարողանում վարել, դրանից ելնելով՝ իր երեխան պետք է տանջամահ լինի»,- ասաց նա:
Անհետ կորածներից մեկի հարազատն էլ նշեց.
«Շատ լավ գիտակցում ենք, որ 45 օրից ավելի ոչ ոք չի դիմանա սոված, ցրտին: Գոնե ընկածի հետևից գնան, չթողնեն դառնան խոզի բաժին: Մեզ ասում են՝ գնացեք, բա ձերը լիներ՝ տենց կլինե՞ր»:
Ծնողներից մեկն էլ ասաց, որ էլ դիմելու տեղ չի մնացել:
«Խնդրում եմ, էլ ո՞ւմ դիմեմ, պարոն Պուտին, միայն դուք եք մնացել, խնդրում եմ, աղաչում եմ թույլ տալ մտնել, մեր երեխեքին գտնել»,- ասաց նա:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ