«Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ». գերեվարվածի կին
«Երկար սպասված զանգը ստացա Կարմիր Խաչից. Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված Դավիթ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը:
«Կարմիր Խաչից ասացին՝ այցելություն, հաղորդագրություն, մնացած ամեն ինչը մեր աշխատողներն ընթացքում կանեն, ուղղակի, որ Ադրբեջանը հաստատել է, զանգեցին միանգամից ասացին»,- ասաց Դավիթի կինը:
Ժաննան փոխանցեց մեզ նաև, որ Կարմիր Խաչի աշխատակիցները դեռ չեն այցելել ամուսնուն, բայց ասել են, որ այցելելու են.
«Ադրբեջանը նույնականացրել է, որ այո, Դավիթ Իսահակյանը մեզ մոտ է, ողջ-առողջ է: Մնացածն ասացին՝ ի՞նչ եք ուզում՝ նամակի տեսքով փոխանցենք կամ տեսագրություն: Ես ասացի՝ բոլորը, ինչ որ հնարավոր է, թե տեսաձայնագրություն, թե նամակ: Ասացի՝ ամուսնուս փոխանցեն, որ մենք գիտենք, որ ինքն այնտեղ է, և ամեն ինչ անում ենք իրեն հետ բերելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անչափահաս երեխաների հայր, 40-ամյա Դավիթ Իսահակյանը պատերազմական օրերին Երևան տեղափոխված և իրենց հարևանությամբ բնակվող տարեց ամուսիններին իրենց իսկ խնդրանքով, նոյեմբերի 11-ին տանում էր Մարտունու Գիշի գյուղ, սակայն Արցախ հասնելուց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել էր նրա հետ: Ավելի ուշ ընկերները նրան տեսել էին ֆեյսբուքյան ադրբեջանական էջերից մեկում՝ գերեվարվածի կարգավիճակում: