Ես հատկապես այս օրերի հանդիպումները դիտարկում եմ ճնշում դատական իշխանության նկատմամբ. Լուսինե Սահակյան
Փաստաբան Լուսինե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատական համակարգի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպմանը, նշեց, որ հատկապես այս օրերին նման հանդիպումները դիտարկում է ճնշում դատական համակարգի նկատմամբ:
Ըստ նրա՝ «դատավորները վերջին շրջանում ցույց տվեցին, որ իրենք պատրաստ չեն քաղաքական հետապնդումներ իրականացնել»՝ հատկապես, երբ հայրենիքի մի մասը զիջվեց թշնամուն, և քաղաքական հետապնդումներ էին իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում էին հնարավորինս կանխել պետականության անկումը.
«Դատավորներն, ըստ էության, դա գիտակցեցին, նաև ԲԴԽ-ի նախագահը հայտարարությամբ հանդես եկավ, և նույնիսկ այն դատավորները, որոնք ժամանակին երբևէ պատրաստ չէին քաղաքական հետապնդումներ և պատվերներ չիրականացնել, հիմա արդեն հրաժարվեցին դա անել:
Ես կարծում եմ, որ դրանով է պայմանավորված վարչապետի հանդիպումը դատավորների հետ: Իհարկե, գուցե հետո դատավորները կբացահայտեն, թե որն է եղել հանդիպման նպատակը, սակայն, ցանկացած դեպքում, ես հատկապես այս օրերի հանդիպումները դիտարկում եմ ճնշում դատական իշխանության նկատմամբ: Ըստ էության, ճնշման շարունակություն, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրերից սկսել է ճնշումներ դատական իշխանության նկատմամբ»:
«Եվ, փաստորեն, այն բանից հետո, երբ այս խայտառակ հայտարարությունը ստորագրեց, դատավորները, նույնիսկ նրանք, ովքեր իրեն ենթարկվում էին, այս պահին իրենք դա պատրաստ չէին անել և ղեկավարվում էին միայն օրենքով, ցույց տալով, որ այս հայրենիքն իրենց հայրենիքն էլ է»,- եզրափակեց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք՝ այսօր Կառավարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների հետ:
168.am–ի տեսախցիկն արձանագրել էր դատավորների մուտքը կառավարության շենք:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ օրակարգով է հանդիպումը՝ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը պատասխանել էր, որ ծանոթ չէ օրակարգին:
Նկատենք, որ Կառավարությունից դատական համակարգի ներկայացուցիչների ելքը ֆիքսել մեզ այդպես էլ չէր հաջողվել և քննարկման մանրամասները նրանցից ճշտել չէր ստացվել:
Ավելի ուշ «Mediaport» տելեգրամյան ալիքն էր հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը և Մեսրոպ Մակյանը, հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը: Ըստ աղբյուրի՝ նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաև ՀՀ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին և հակաօրինական է։
Մեկ այլ հրապարակմամբ էլ ալիքը տեղեկացրել էր, որ մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։
168.am-ի հետ զրույցում Վազգեն Ռշտունին հաստատել էր, որ հրավեր ստացել է, սակայն հրաժարվել է մասնակցել, քանի որ իր մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինքն էլ ջերմություն ունի այս պահին, թեստ է հանձնել, մեկուսացած է: Հարցին, թե պատճառը միայն ա՞յդ է, որովհետև հրաժարվելու այլ պատճառ ևս նշվում է, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ասել էր, որ դա է պատճառը: «Ճիշտն ասած, հրավերի պատճառներն էլ չգիտեմ, դրա համար այլ պատճառ հրաժարվելու չունեի»,- նշել էր Վազգեն Ռշտունին: