Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն այսօր լրագրողներին մեղադրեց իր խոսքը կոնտեքստից դուրս ներկայացնելու մեջ, բայց նույնությամբ կրկնեց նախորդ ասածը
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
Հարցին, թե խոսում են, որ նախատեսվում է բացել սահմանները, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, նախարարը պատասխանել էր.
«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն՝ հայտնվեն հայկական ապրանքները»,- ասել էր Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև ընդգծել էր. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու՝ մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։
Այսօր խորհրդարանում լրագրողներն Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեցին, այսինքն՝ Հայաստանում ադրբեջանակա՞ն ապրանք է վաճառվելու, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Իսկ դուք լսե՞լ եք՝ ես ինչ եմ ասել, դուք սխալ եք լսել, ես ասել եմ, որ կբացվեն ճանապարհները, և մենք պետք է պատրաստ լինենք, կրթվենք, սովորենք, մոդեռնիզացնենք մեր տնտեսությունը և այլն, և օրերից մի օր գուցե բացվեն ճանապարհները։ Դուք վերցրել եք կոնտեքստից կտրել եք, խնդրում եմ ձեզ գնալ ու նորից լսել, հիմա սխալ բան եք ասում, և ես չեմ պատրաստվում շարունակել, խնդրում եմ, մանիպուլյացիաներ մի արեք։ Ես հարգում եմ լրագրողների աշխատանքը և մանիպուլյացիաներին ու անիմաստ խոսակցություններին չեմ պատրաստվում ժամանակ տրամադրել»։
Հիշեցնենք, որ հուլիսին վարչապետը նախաձեռնել էր մի շարք գործարարների հետ հանդիպում, որին մասնակցել էր նաև Վահան Քերոբյանը։ Սակայն հանդիպումից հետո իր դժգոհությունն էր արտահայտել՝ նշելով, որ վարչապետն իրենց չի լսել. «Այսօրվա գործարարների և վարչապետի հանդիպումը շատ վատ անցավ։ Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»։
Ի դեպ, այսօր խորհրդարանում նա նաև ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միշտ էլ հավատացել է։
«Այսօր բանակի հետ ունեմ որոշակի մտահոգություններ, դրա համար էլ այստեղ եմ, որպեսզի զարգացնենք տնտեսությունն ու բանակը»,- եզրափակեց նա