«Ինչպես միշտ նա ստում է՝ ինչպես ստում էր, երբ լրագրող էր, երբ պատգամավոր էր». Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել Արցախի շուրջ, ընդդիմությունը տեղյակ է եղել։
«Ինչպես միշտ, նա ստում է, ինչպես ստում էր, երբ լրագրող էր, երբ պատգամավոր էր, ստել է վերջին 2,7 ամիսների ընթացքում, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ Ինքը ստել է միշտ, իր հույսը եղել է հանրության այն հատվածը, ով նախկիններից հիասթափված՝ փորձել է փրկության հույս տեսնել իր մեջ, որը չի ուզում խորանալ, վերլուծել, իր հույսն այս մարդիկ են մնացել։ Սակայն, ի դժբախտություն իրեն, այդ մասսան, որին հիմա հատուկ տերմինով են դիմում, որը հիմա չեմ ուզում օգտագործել, նրանց գերակշիռ մասը ևս հասկացել է, որ մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ։ Երբ մարդը գրում է, որ պարզ է, մենք պետք է պարտվեինք, ըստ էության նրա վերջին գրառումը հենց այս մասին էր, բայց եթե առանց պատերազմի հանձներ տարածքները, ապա իրեն կասեին՝ Նիկոլ, դավաճան, նա պատերազմը մինչև վերջ տարել է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ փորձում է նաև ՌԴ նախագահին ստեր վերագրել՝ նշելով, որ վերջինը մանրուքներին չի տիրապետում։
«Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, և Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը իրեն պետք է հանձներ բանակցային գործընթացի ողջ փաթեթը, հանդիպումը տևել է 10 րոպե, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Դուք ինձ ոչինչ նոր չասացիք»։ Այսինքն՝ ՌԴ նախագահն ավելի շատ է տիրապետում բանակցային գործընթացին, քան Նիկոլ Փաշինյանը, որն ուղղակիորեն տեղյակ չէ բանակցային գործընթացից»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրենց պայքարը շարունակվում է։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հերթական անգամ չի դիմելու Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրան շատ լավ իմանալով՝ չի կարող գտնել մի փոքր հյուլե հայրենասիրություն և հրաժարական տա, որպեսզի հնարավորություն լինի ունենալու նոր բանակցող, որը կկարողանա փրկել եռակողմ համաձայնագրի տակ եղած ականները։
«Ես իր թիմից հույս չունեմ, որովհետև երբ ինձ ասում են, որ թիմում բոլորը վախեցած են, բացառությամբ մի քանիսի, վստահ եմ, որ բոլորը կիսում են այս դավաճանության ամբողջական պատասխանատվությունը, նրանց մեջ մի գրամ անգամ ամոթ չեմ տեսնում։ Մեր գերիներին տուն բերելու համար կա մեկ խոչընդոտ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- եզրափակեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը։