«Եթե, իրոք, մենք կառավարություն ունենք, թող եղած զինվորներին փրկեն, վերադարձնեն, որ նրանց հոգեկան աշխարհը կարգավորվի». Բողոքի ակցիա կառավարության առջև
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների հարազատներն ու ծնողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի առջև։ Ծնողները պահանջում և խնդրում են՝ իրենց զավակներին տեղափոխել Հայաստան:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Գոհարիկ Բաղդասարյանը նշեց, որ իր թոռան համար է այսօր եկել Կառավարության մոտ. «Ինքը որ խոսում է, զգում եմ՝ վատառողջ է դարձել այս պատերազմական շրջանում: Խնդրում եմ Կառավարությանը, եթե իրոք մենք Կառավարություն ունենք, թող եղած զինվորներին փրկեն, վերադարձնեն, որ նրանց հոգեկան աշխարհը կարգավորվի, որ նորից պատերազմի գնան: Գիտեմ, որ նորից պատերազմ է լինելու, համոզված եմ, որ լինելու է: Խնդրում եմ այդ հարցը շուտափույթ լուծեն, շատ եմ խնդրում:
Խոնարհվում եմ այն զինվորների հիշատակի առջև, որոնք մահացել են, բայց կենդանի են մեզ համար, այն ծնողների առջև, որոնք հերոս տղաներ են տվել այս պետությանը, բայց ոչ մեկը չի մտածում առողջ զինվորների մասին, չի մտածում, որ բերեն առողջանան, նորից վերադառնան ծառայության»:
Գոհարիկ Բաղդասարյանը կառավարությունից ակնկալում է շուտափույթ լուծումներ և պնդում՝ իրենց զինվորներին, անգամ հրադադարի պայմաններում, վտանգ է սպառնում. «Ճանապարհի մի կողմում թուրքն է, մի կողմում՝ հայ զինվորն է, նրանց կյանքին վտանգ է սպառնում. թեկուզ խաղաղապահ զինվորներ ունենք, բայց էլի համոզված ենք, որ կարող է ինչ-որ մի անսպասելի հրացանի գյուլլա իրենց կպնի»: