
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը կայցելի Մոսկվա

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից։
Հաղորդագրության համաձայն, կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ»,-ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկնելու է Մոսկվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: