«Եթե մարդը չի հասկանում, որ Բերձորի հանձնումը հավասարազոր է վերջնական անձնատվության, ուրեմն՝ հոգեկան հիվանդ է». Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան  Աշոտ Մելքոնյանը նոյեմբերի 27-ին իր ֆեյսբուքյան էջում ահազանգ էր հնչեցրել Բերձորի ճակատագրի հետ կապված։

«Արդեն երրորդ շաբաթն է՝ լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունն արդյո՞ք չունի գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։

Այսօր հարցերի հարցը Բերձոր /Լաչին/ շրջկենտրոնի խնդիրն է։ Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի՝ Լաչինը վերադարձվում է իրենց։ Դա կնշանակի՝ անտեսել ճանապարհի երկայնքով հինգ կմ լայնությամբ միջանցք ունենալու մեր իրավունքը։ Չէ՞ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ»,- գրել էր Աշոտ Մելքոնյանը։

168.am-ի հետ զրույցում Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իր բարձրացրած հարցերի պատասխանն ակնկալում է լսել թիվ մեկ պատասխանատուից՝ Նիկոլ Փաշինյանից,  ով ստորագրել էր նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։

«Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում այդ պայմանագիրը ստորագրողից, բնականաբար, վարչապետից։ Ակնկալիքս այն է, որ, եթե մարդը չի հասկանում, որ Բերձորի հանձնումը հավասարազոր է վերջնական անձնատվության, ուրեմն՝ հոգեական հիվանդ է։ Բերձորը հանձնելու դեպքում ամբողջ Արցախի բնակչությունը գնալ-գալուց պետք է անցնի ադրբեջանցիների միջով։ Սա նշանակում է՝ այդ մարդկանց համար ստեղծել այնպիսի հոգեբանական վիճակ, որ, ի վերջո, նրանք թողնեն իրենց բնակավայրերն ու դուրս գան։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն անգամ ինչ վիճակում կլինեն հայերը, եթե Բերձորի բնակչությունն ադրբեջանցի լինի, ուզում է ռուս խաղաղապահը լինի, միևնույն է՝ նման պայմաններում հնարավոր չէ ապահովել անվտանգ երթևեկությունը։ Ադրբեջանցիները, որոնք խորամանկ ձևով այդ փաստաթուղթը դեմ են արել վարչապետին ստորագրելու, ըստ էության նա չի էլ կարդացել, թե այնտեղ ինչ է գրված։

Գրված է, որ հանձնում են Լաչինը, խոսքն ինչի՞ մասին է, Բերձորի շրջանի մասի՞ն է, թե՞ մեկ այլ բանի։ Պայմանագրում նշվում է, որ 5 կմ ճանապարհ է տրամադրվելու հայկական կողմին, որը վերահսկվելու է ռուս խաղաղապահների կողմից։ Հիմա թշնամին կարող է ասել, որ պայմանագրում Լաչին բառը գրված է, հետևաբար՝ պետք է շրջկենտրոնից դուրս գան։ Եթե մերոնք այդքան անողնաշար գտնվեն և թույլ տան, որ Բերձոր շրջկենտրոնը հայտնվի ադրբեջանցիների ձեռքում, ուրեմն՝ վտանգները սարսափելի մեծ են լինելու»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։

Աշոտ Մելքոնյանը նկատեց, Արցախն ունի 5 հազար տարվա պատմություն, այնքան, որքան հայ ժողովուրդն ունի, նման ծանր վիճակում Արցախը նախկինում հայտնվել էր 1992 թվականի հունիսին, սակայն այդ վիճակը հայությունը հաղթահարել էր։

«Հայաստանի պետականությունը վտանգված է, բայց, փառք Աստծո, որ մենք ոչ միայն Հայաստանն ենք պահել, այլև, լավ թե վատ տարբերակով, Արցախը կա, և այնտեղ շարունակում է ծածանվել մեր դրոշը, պետականության հատկանիշները պահպանվում են, Պաշտպանության բանակը կա։ Սրանք հուսադրող են, և մենք վաղվա օրը, այս հենարանը պետք է օգտագործենք մեր վերահսկողությունն այդ շրջանների նկատմամբ վերականգնելու համար»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ, քանի դեռ չի եկել դեկտեմբերի 1-ը, հայկական կողմը բանակցություններում հստակ պետք է կարողանա պնդել, որ Բերձոր շրջկենտրոնը մնա հայկական զինուժի վերահսկողության տակ։

«Ես ենթադրում եմ, որ այդ բանակցողը պետք է լինի Պաշտտպանության նախարարությունը»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Հիշեցնենք որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս