«Ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի՛ ժողովուրդ, հետո այսպես վարվել. պահանջում եմ այդ ինչու-ների պատասխանները». Էմմա Պետրոսյան

Այսօր Ազնավուրի անվան հրապարակում բողոքի ակցիա էին հրավիրել մտավորականները: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Էմմա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հազիվ էր կարողանում զսպել արցունքները, որպեսզի կարողանա մտքերն արտահայտել:

«Այնքան բարձր է, շատ է ցասումս, վրդովմունքս, հուզմունքս, ցավս, կորուստս, այնքան եմ ընկճված, այնքան եմ փոքրացած, այնքան եմ ստորացված ու այնքան եմ հավասարվել, որ չեմ կարողանում ասել ամենակարևորը: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք կարողացանք, գուցե ուշ միացանք, չգիտեմ, որովհետև մենք էլ բոլորս ինչ-որ կորսված իրավիճակում ենք, մեզանից որևէ մեկը չի հասկանում՝ ինչպե՞ս կատարվեց, էդ ո՞նց կատարվեց, ի՞նչ սյուժեով զարգացավ այս ամենը: Վերջին 2.5 տարիները էս ի՞նչ եղավ և ի՞նչ նպատակի համար էր էս ամենը: Ինչպե՞ս կարող է մի մարդ բղավել՝ «իմ սիրելի ժողովուրդ», և հետո, շատ կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, հայ, ժողովուրդ, էս հնչող, էսպիսի մտքեր ասող մարդն ինչպե՞ս կարող էր վարվել, ինչպե՞ս: Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա դուրս է բոլոր տեսակի, հասկացվածության եզր նույնիսկ չունի: Ես պահանջում եմ «ինչու»-ների պատասխանը»,- ասաց Էմմա Պետրոսյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին իրեն ամենաշատը հետաքրքրում է անհետ կորած և գերեվարված անձանց ճակատագիրը:

«Ցավս բոլոր կորած մարդիկ են, որոնք գնացին մեր հայրենիքը պաշտպանելու, էս մտքերի, էս ոգու, էս ամենի առաջ էսօր մենք չգիտենք՝ ինչ պիտի պատասխանենք, չգիտենք՝ որտե՞ղ պիտի փնտրենք իրենց: Ես խնդրում եմ, բոլոր օրերին խնդրել եմ, աղերսում եմ բոլոր դիվանագիտական կազմակերպություններին, դեսպանատներին, մի՛ վարվեք հայ ժողովրդի հետ այսպես, սա անբարոյականություն է, խնդրում եմ, ծնկաչոք աղերսում եմ: Մենք պետք է կարողանանք բարձրաձայնել ճշմարտությունը, բարձրաձայնենք բոլոր այն կեղծիքների, այն սուտ խոսացողների և բոլոր այն սխալների մասին, որոնք կատարվել են առաջին օրվանից, մինչև այսօր: Կարծում եմ, հավատում եմ, որ մեր այսօրվա հավաքը մի բան տեղից կշարժի, եթե չհավատամ, ուրեմն մեռել եմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս