«Կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը հայ գերիներին վաճառում է». Հրանտ Թոխատյան

Շառ Ազնավուրի հրապարակում մի խումբ մտավորականներ անցկացնում են հավաք՝ անհայտ կորած, գերության մեջ հայտնված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելու համար։

Նախաձեռնության հեղինակներն են ռեժիսոր Մհեր Մկրտչյանը,  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և դերասան Հրանտ Թոխատյանը։

«Ամոթալի պայմանագիրը ստորագրելուց հետո այս աշխատանքը սկսվել է, և մեծ քանակությամբ մարդ Հայաստանում և Հայաստանից դուրս սկսել են արդեն դրանով զբաղվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արման Թաթոյանին, բրավո այդ տղայի արած աշխատանքին, որն անում է, եթե մենք բոլորս կանգնենք նրա կողքին, հնարավոր է՝  հասնենք արդյունքի։ Մենք ունենք շատ ու շատ գերիներ, ունենք շատ զինվորներ, որոնք դեռևս գտնվում են թշնամական տարածքում։ Պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են օգնել մեզ վերադարձնելու այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա, որոշ ժամանակ կանցնի՝ ուշ կլինի»,- դիմելով ներկաներին՝ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։

Նա ընդգծեց՝ եթե այսօր չգոռան, չաղաղակեն, ապա վաղն ուշ կլինի՝ գերության մեջ հայտնված տղաներին կկորցնենք։ Մարտի դաշտում մնացած զինվորների դիերը պետք է հասնեն իրենց ծնողներին, հարազատներին։

«Այսօր կարող է թվալ, թե ի՞նչ կարող է տալ իմ գրած մեկ նամակը, եթե այդ մեկ նամակը դառնա 10 միլիոն և այն բերի արդյունքի։ Այսպես ասված է, մենք կարող ենք դա անել։ Հիմա ես դիմում եմ այն արվեստագետներին, որոնք այստեղ են, կամ որոնք մեզ կլսեն՝ դիմեք ձեր գործընկերներին, որոնք գտնվում են տարբեր երկրներում, որոնք իրենց երկրներում հայտնի են, որոնք իրենց ձայնը կբարձրացնեն։ Իրենք կդիմեն բոլոր այն կազմակերպություններին, որոնք քիչ թե շատ կարող են ազդել Ադրբեջանի կառավարության վրա։ Այո, ի սկզբանե սխալ է արվել՝ պայմանագրի մեջ գերիների վերադարձի ժամկետներ նշված չէ։ Կա տեղեկատվությունը, այն ստուգված չէ, բայց ելնելով Արցախի առաջին պատերազմից՝  վախը կա, որ Ադրբեջանը սկսում է  վաճառել մեր գերիներին՝ վաճառել գերության, ամենավտանգավոր բանը, որը կարող է լինել մեր տղաների հետ։ Նորից եմ խնդրում՝ բարձրացնենք մեր ձայնը»,- կոչ արեց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս