«Մենք բոլորս պետք է պահանջենք, որ քրեական գործեր հարուցվեն, լինի բաց դատաքննություն». Լիլիթ Թումանյան
Այսօր մի խումբ խմբագիրներ այցելել են Կառավարության շենքի առջև հացադուլ անողներին: Հինգ հացադուլավորներից 3-ը, այդ թվում՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը պահանջում է սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկել: Հացադուլավորներին միացել է նաև 2008թ.-ին զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը, որին մտահոգում է անհետ կորած և գերեվարված զինծառայողների խնդիրը: ArmNews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք միանում են հացադուլավորների պահանջներին:
«Մենք միանում ենք ոչ միայն Գեղամ Մանուկյանի, այլ նաև Կիմ Բալայանի պահանջին, որովհետև հրաժարականը մի պահանջ է, քրեական գործեր հարուցելն ու պատասխանատվության ենթարկելը երկրորդ պահանջն է: Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ ապագա, հոգեբանական առողջ կերպար, մենք պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները, հակառակ դեպքում մենք ընդմիշտ կմնանք մշտական կասկածների, ինչ-որ ասեկոսեների ու միֆերի տակ, ինչպես դա արդեն բազմիցս եղել է: Չի կարելի ևս մեկ անգամ դա թույլ տալ: Մենք բոլորս պետք է պահանջենք, որ քրեական գործեր հարուցվեն, լինի բաց դատաքննություն, և մենք բոլորս լսենք և՛ հարցերը, և՛ պատասխանները: Հակառակ դեպքում մենք առողջացման շանսեր չենք ունենալու»,- ասաց Թումանյանը: