Փաշինյանը «կաղ բադի» կարգավիճակում է՝ անհասկանալի է, թե ով է նրան օգնելու, ում հետ հույսեր կարող է կապել, և գլխավորը՝ ինչ ռեսուրսներ են նրան մնացել․ Դուբնով

«Եթե այս իշխանությունն ավելի հանգիստ իրավիճակում՝ 2,5 տարվա ընթացքում, չկայացրեց էական, անհրաժեշտ որոշումներ պետության համար, ապա այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու նա հանկարծ այդ որոշումները կկայացնի այսօր»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, ՀՀ իշխանությունների հետպատերազմյան որոշումների, հայտարարությունների համարժեքությանը ստեղծված իրավիճակին, հայ-ռուսական և ռուս-արցախյան հարաբերությունների ապագային։

Վադիմ Դուբնովն ասաց, որ իրավիճակը հանքի շուրջ բավականին բարդ է, քանի որ կրկին, ինչպես անցյալում բազմաթիվ դեպքերում` կողմերից մեկն ասում է, որ հանքն իր տարածքում է, մյուսը՝ Ադրբեջանում, կամ մի շարք այլ քարտեզների համաձայն, սահմանը կիսում է հանքը և իրավիճակի բարդությունը նրանում է, որ ձևավորվում է նոր միջպետական սահման։

«Անկախ Հայաստանի և Ադրբեջանի ողջ շրջանում դա Հայաստանի և Ղարաբաղի միջև սահման է եղել, ուստի այս պատերազմից հետո կողմերը ստիպված են լինելու անել այն, ինչ բոլոր հետսովետական երկրներն արել են 1991 թվականին, և 30 տարի անց սահմանազատման աշխատանքներ պետք է իրականացվեն։

«Իսկ Հայաստանը, ինչպես ինձ է թվում, սպասում է՝ տեսնի, թե Ռուսաստանն ինչպես այս հարցում կբանակցի Ադրբեջանի Ալիևի հետ, քանի որ Հայաստանի բանակցային դիրքն էապես թուլացել է։ Հույս ունեմ, որ ճիշտ լուծումներ կգտնվեն, և առաջին օրը կարծես թե անցնում է առանց լուրջ միջադեպերի՝ համեմատաբար հանգիստ, ադրբեջանական զինվորականները ետ են նահանջել, և կոպիտ առաջարկներ կարծես թե չկան, և աշխատանքներն ընթանում են։ Եվ Ռուսաստանն այս ամենի մեջ է, և կրկին բավականին բարդ իրավիճակ է»,- ասաց Վադիմ Դուբնովը։

Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությունների՝ ՀՀ շահը պաշտպանելու ունակությանը, Դուբնովն ասաց, որ սկզբունքորեն ցանկացած իշխանություն կարող է կայացնել լուրջ կամ անլուրջ որոշումներ։

Ըստ նրա, ներկայումս ևս տեսականորեն կարող է կայացնել ճիշտ որոշումներ, եթե Փաշինյանի իշխանությունը գտնի ինչ-որ ոչ ստանդարտ ուժեղ քայլեր։

«Չգիտեմ՝ ինչպես և որտեղից նա դրանք կարող է վերցնել, բայց եթե նման բան լիներ, դա կփոխեր նրա անձնական իրավիճակը։ Ինձ պարզապես թվում է, որ այն, ինչ մենք արդեն գիտենք այս պատերազմի մասին, մեզ հիմքեր և լավատեսություն չի տալիս հետագա քայլերի հարցում։ Եթե այս իշխանությունն ավելի հանգիստ իրավիճակում՝ 2,5 տարվա ընթացքում, չկայացրեց էական, անհրաժեշտ որոշումներ պետության համար, ապա այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու նա հանկարծ այդ որոշումները կկայացնի հատկապես հիմա, երբ փոխվում են Կառավարության անդամները, իսկ ինքնին վարչապետը «կաղ բադի» կարգավիճակում է։ Ամեն ինչ անհասկանալի է, անհասկանալի է, թե ով է նրան օգնելու, ում հետ հույսեր կարող է կապել, և գլխավորը՝ ինչ ռեսուրսներ են նրան մնացել։ Այդ ռեսուրսային տվյալների հարցում ամենամեծ կասկածներն են»,- ասաց Դուբնովը։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է հասարակությունը հաղթահարի երկրում ստեղծված իրավիճակը, երբ ցանկանում է պարտված վարչապետի հրաժարական, իսկ նա չի ցանկանում հեռանալ և դա կապում է նախկին ղեկավարների վերադարձի մտավախությունների հետ, որը իշխանության ջանքերով դարձել է ներհայաստանյան գլխավոր դիսկուրսը՝ Դուբնովն ասաց, որ այս իրավիճակը նոր է, չափազանց անսպասելի Հայաստանի համար, որովհետև չի եղել այնպիսի զարգացում, երբ ղեկավարը նման ֆատալ զարգացումներից հետո, չունենալով ժողովրդական աջակցություն, մնացել է իշխանության։

Նրա խոսքով, նույնիսկ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում, ով բավականին երկար և հաջողված կարողացավ «խաղալ» բոլոր քաղաքական ուժերի միջև, որոշակի աղոտ ազդեցություն ունեցավ 2016 թվականի քառօրյա պատերազմը։

«Նման բաները Հայաստանում ամեն դեպքում չէին ներվում։ Բայց որպեսզի Փաշինյանը հեռանա՝ հարկավոր է մեկ այլ Փաշինյան, քանի որ, որքան հասկանում եմ, անսպասելի ֆիգուրների հայտնվելով են նման ճգնաժամային իրավիճակները կարգավորվում։ Բայց ես չեմ հասկանում, թե որտեղից պետք է հայտնվի նոր Փաշինյանը, ինչպես Վրաստանում ասում էին, որ Սահակաշվիլիին կհաղթի միայն Սահակաշվիլին, նրանք չսխալվեցին, այս դեպքում էլ գուցե դա լինի, կամ գուցե մեզ հայտնի չեն, չենք պատկերացնում այլ սցենարներ, խթաններ, ռեգուլյատորներ, գուցե միանա այս հարցին Ռուսաստանը, թեև ես այդքան էլ չեմ հասկանում՝ ինչպես և ինչու է դա Ռուսաստանին հարկավոր։ Կարծում եմ՝ այդ որոշումը կթողնվի հայերին։ Կարծում եմ, որ իրավիճակը կհասնի արտահերթ ընտրությունների, Փաշինյանը փորձում է ամենաքիչը նստել իր աթոռին մինչև ամառ, իսկ հետոն դեռ չի ուրվագծվում»,- ասաց Դուբնովը։

Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչին հայ-ռուսական հարաբերություններում և ռուսական ներկայությանը Ղարաբաղում՝ Դուբնովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ կան՝ պայմանավորված Հայաստանի բանակցային դիրքերի թուլացմամբ, բայց դրանք դրամատիկ չեն, քանի որ ավանդաբար, այսպես թե այնպես, ոչ մի հարցում Հայաստանը Ռուսաստանին «ոչ» չի ասել։ «Մոսկվան դա երբեք չի էլ չարաշահել։ Մոսկվան էլ չգիտի՝ ինչ կարող է ստանալ Հայաստանից, որ այդ ռեսուրսն օգտագործի, եթե իմանար, ու դա հակասեր հայկական շահերին, ապա Հայաստանի համար բարդ կլիներ դիմադրելը, բայց քանի որ չկան նման պահանջներ, այս մասով դրամատիկ փոփոխություններ չեն լինի»,- ասաց Դուբնովը։

Հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Ղարաբաղի առնչությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ որոշ նախարարներ արդեն անցել են Ղարաբաղում որոշակի խնդիրների լուծման ՌԴ նախագահի գիտությամբ, ինչը շատ տեղացի փորձագետների թույլ է տալիս ենթադրել, որ ՌԴ ներկայությունը Ղարաբաղում երկարաժամկետ և շատ ավելի խորն է լինելու, ռուս վերլուծաբանը պատասխանեց, որ ներկայումս Ղարաբաղի իրավիճակը բարդ է, երկակի է, քանի որ մասամբ ապրում է Հարավային Օսիայի կարգավիճակում։

«Կարծում եմ՝ կգործի հետևյալ սխեման՝ Հայաստանը կզբաղվի Ղարաբաղի ադմինիստրատիվ ինչ-որ հարցերով, այս պահին Մոսկվային այնքան էլ պետք չէ այդ ամենն իր վրա վերցնել, կլինի ավելի շատ պրոտեկտորատի նման մի բան, Աստված տա, որ ոչ Դոնբասի նմանությամբ, կարծում եմ՝ այդպես չի լինի, կլինի ավելի շատ Մերձդնեստրի նման, թեև ոչ մի անալոգ այստեղ տեղին չէ, քանի որ դա կլինի պրոտեկտորատ Ռուսաստանի՝ Հայաստանի մասնակցությամբ։

Որքանո՞վ է սա ստաբիլ տարբերակ՝ դեռ բարդ է ասելը։ Ներկայումս դա դեռ բոլորին ձեռնտու է։ Ղրիմի հետ համեմատելը տեղին չէ, լիովին տարբեր պատմություն է, որևէ ընդհանրություն գոյություն չունի։ Ապագայում, իհարկե, չի բացառվում ռուսական անձնագրերի բաժանում, բայց, կարծում եմ՝ Մերձդնեստրի նմանությամբ ամեն ինչ կսահմանափակվի»,- ասաց Դուբնովը։

Տեսանյութեր

Լրահոս