Դելիի ոստիկանությունը գազ և ջրանետեր է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար
Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արտասվաբեր գազ եւ ջրանետեր է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար, որոնք Նյու Դելի էին ուղեւորվում բողոքի երթ անցկացնելու համար: Այդ մասին հաղորդել է Indian Express-ը:
Ոստիկանությունը նաեւ բողոքի մասնակիցներին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Դելիում արգելված են բոլոր հանրահավաքներն ու մարդկանց կուտակումները:
«COVID-19-ի պատճառով թողարկվել են հրահանգներ, որոնցով չեն թույլատրվում քաղաքական հավաքույթները, իսկ ֆերմերների պահանջը մերժվել է: Եթե նրանք, այնուամենայնիվ, փորձ անեն, մենք սահմանին անձնակազմ են տեղաբաշխել, որպեսզի նրանց թույլ չտանք մտնել երկրի մայրաքաղաք»,-ասել է Դելիի ոստիկանության կոմիսար Ս.Ն.Շրիվաստավան:
Երկօրյա բողոքը կազմակերպվել էր ֆերմերների միավորումների կողմից, որոնք հանդես են գալիս գյուղատնտեսության բնագավառում նոր օրենքների դեմ:
Նոր օրինագծի համաձայն, ֆերմերները կկարողանան իրենք ապագա բերքի վաճառքի պարտավորագրեր կնքել ագրարային ընկերությունների հետ՝ վաղօրոք համաձայնեցված գնով, նաեւ ֆերմերներին թույլ է տրվում իրենց արտադրանքը վաճառել պետական շուկաների սահմաններից դուրս:
Ընդդիմության եւ խոշոր ֆերմերական կազմակերպությունների առաջնորդները պնդում են, որ այդ օրինագծերը կասեցնում են երաշխավորված գներով հացահատիկի գնման ներկայում գոյություն ունեցող համակարգը եւ հանգեցնում խոշոր կորպորացիաների կողմից ֆերմերական տնտեսությունների կլանման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: