Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԳ նախարարը նշանակումից հետո

Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված Արցախյան հրադադարի խայտառակ հայտարարությունը ծանր հարված էր Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը։ Սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանը պակաս ծանր ու դրամատիկ չէ, հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, և այն հումանիտար, արտաքին քաղաքական, դիվանագիտական, ռազմական խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի առջև։ Թվում էր, թե նման պատասխանատու օրերին երկրի անվտանգության, արտաքին քաղաքականության իրականացման համար պատասխանատու բոլոր գերատեսչությունները պետք է աշխատեն արտակարգ ռեժիմով, թեև հասարակությունն ակնհայտորեն չի աջակցում այս Կառավարության գործունեությանը, որքան էլ որ հակառակում փորձի պնդել Նիկոլ Փաշինյանը։ Եվ իրավիճակը չեն փրկում նաև Կառավարության կազմի այն փոփոխությունները, որոնք իշխանության հաշվարկներով ուղղված են հանրային լարվածության թուլացմանը և իշխանության երկարաձգմանը։

Միանշանակ է, որ պետական կառույցներն ըստ էության չեն գործում ո՛չ բնականոն, ո՛չ էլ, առավել ևս, ճգնաժամային ռեժիմով։ Այդ առանցքային կառույցներից մեկը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է, որի ղեկավարը փոխվել է մեկ շաբաթ առաջ․ նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արա Այվազյանը նշանակվեց նախարարի պաշտոնում։

ԱԳՆ պաշտոնական կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս օրերի ընթացքում նորանշանակ նախարարն ունեցել է ընդամենը մի քանի հեռախոսազրույց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ։

ԱԳ նորանշանակ ղեկավարը նաև ունեցել է երկու հանդիպում, որոնցից մեկը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության ՀՀ կատարած այցի շրջանակում և Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ։ Պետության համար այս աննախադեպ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, ըստ էության, զբաղվում է պլանային աշխատանքով, իրավիճակին համահունչ որևէ գործողություն, պատասխանատվություն ու նախաձեռնողականություն արտաքին քաղաքական գերատեսչությունը չի ցուցաբերում այն դեպքում, երբ ԱԳՆ-ն 24 ժամ պետք է «թակեր» բոլոր հնարավոր և անհնար միջազգային կառույցների «դռները»՝ թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար հարցերով, ԱԳՆ-ն չի անում հայտարարություններ, ինտենսիվ բանակցություններ չի վարում գործընկեր և հարևան երկրների հետ։

ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանում նաև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը։ Այս ընթացքում եղել են նույնիսկ օրեր, երբ ԱԳՆ-ն որևէ հաղորդագրություն չի տարածել, ինչն առնվազն տարակուսելի է երկրում ստեղծված իրավիճակի և անհաշվելի խնդիրների ֆոնին։ Հարկ է նշել նաև, որ հետպատերազմյան Հայաստանում ՀՀ ԱԳն-ն եղել է այն միակ գերատեսչությունը, որից հրաժարականներն ամենաշատն են եղել, և հասկանալի է նաև, որ, ինչպես բոլոր կառույցները, հասարակությունը, ՀՀ ԱԳՆ-ն ևս նոր իրողություններին ադապտացվելու փուլում է, բայց ներկայիս իրավիճակում նման կարևորության պետական կառույցն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ։

Տպավորություն է ընդհանրապես, որ ՀՀ ԱԳՆ-ում չեն պատկերացնում՝ ինչպես դիրքավորվել, ինչով զբաղվել, հումանիտար խնդիրների մասին հաղորդագրություններում շեշտելուց բացի։ Նման իրավիճակում ընդհանրապես հարց է ծագում, թե ի՞նչ կարելի է սպասել ՀՀ ԱԳՆ-ից, Արցախի կարգավիճակի հարցի շուրջ հետագա պայքարում հայկական դիրքորոշումից և ավելի լայն պետական այսօրինակ կառավարումից։

168am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հարցին, թե այս օրերին ՀՀ ԱԳՆ գործունեությունը կարելի՞ է բավարար համարել, պատասխանեց, որ այսօր ծանոթացել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին և հասկացել, որ Կառավարությունը չունի որևէ հարցի պատասխան։

Նրա որակմամբ, պարզագույն հարցադրումներին, թե որքա՞ն է կազմում պատերազմի տնտեսական վնասը, քանի՞ զոհ է կրել հայկական կողմը, քանի՞ հոգի է համարվում անհետ կորած, չկան պատասխաններ, այնինչ սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները վաղուց պետք է հայտնի լինեին բոլորին։

«Եվ այսօր Կառավարությունը չունի այդ պատասխանները, և եթե չունի Կառավարությունն այս պարզագույն հարցերի պատասխանները, ապա ես այս Կառավարության որևէ անդամից չեմ ակնկալում արդյունավետ աշխատանք, ու գիտեմ նաև, որ ընդունակ չեն նման աշխատանքի»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Այնուամենայնիվ անդրադառնալով կոնկրետ ԱԳՆ-ին՝ քաղաքագետն ասաց՝ եկեք հասկանանք, թե ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը նշանակել Արտաքին գործերի նախարար, և արդյո՞ք այդ մարդը երբևէ ինչ-որ դիվանագիտական հարթակում կամ ոլորտում ակնառու, ակնհայտ հաջողություն է ունեցել։

«Երկար տարիներ եղել է դեսպան, երկար տարիներ Հայաստանում չի եղել և, իմ կարծիքով, նա միակ մարդն է եղել, ով համաձայնել է լինել ԱԳ նախարար։ Միանշանակ, նա մեր ամենափորձառու ու ամենատաղանդավոր դիվանագետը չէ։ Իսկ ներկայումս խնդիրն ամենալավերին կենտրոնացնելու և նրանց միջոցով հարցեր լուծելու մեջ է»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա շեշտեց, որ իր ակնկալիքը Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ աշխատող Կառավարությունից, ցանկացած գերատեսչությունից զրոյական է։

«Եվ ես կարծում եմ, որ նախ ինքն իրեն հարգող դիվանագետը չէր կարող դավաճանություն իրականացնող ողջ թիմի գործընկեր և անդամ լինել։ Երկրորդը՝ եթե մարդն այդպիսի բարոյական հատկություններ ունի, որ հանուն պաշտոնի գործակցում է դավաճանական թիմի հետ, սպասելիքներն էլ նրանից պետք է ամենավատը լինեն»,- նկատեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, ներկայումս շատ պարզ պետք է դրվեն հարցադրումները բոլոր անհատների ու կարող ուժերի համար՝ արդյո՞ք մարդը կանգնում է դավաճան իշխանության կողքին, թե՞ չի կանգնում, եթե չի կանգնում, ապա մտածել, թե ինչպե՞ս կարելի է կոնսոլիդացնել հանրային ռեսուրսները՝ նախևառաջ այս իշխանությանը հեռացնելու, և հետո՝ ստեղծված իրավիճակում գոնե թե փոքր, բայց առաջընթացներ արձանագրելու համար։

Տեսանյութեր

Լրահոս