
Իլոն Մասքը երրորդ հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը երրորդ հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները, որը հաշվարկվել է Bloomberg գործակալության կողմից:
Նոյեմբերի 18-ի սակարկությունների արդյունքներով՝ Մասքի կարողությունն ավելացել է 10,2 միլիարդ դոլարով՝ մինչեւ 120 միլիարդ դոլար: Ցուկերբերգն իջել է չորրորդ դիրք՝ մեկ օրում կորցնելով ավելի քան 1 միլիարդ դոլար: Այժմ նրա կապիտալը գնահատվում է 103 մլրդ դոլար: Այս դինամիկան կապված է Tesla ընկերության մասին նորությունների հետ: Նոյեմբերի 17-ին ընկերության բաժնետոմսերը կտրուկ ավելացել են 8,2 տոկոսով, նոյեմբերի 18-ին՝ 10,2 տոկոսով: BBI-ի վարկանիշի առաջին տեղում գտնվում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա կարողությունը կազմումէ 193 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 128 մլրդ դոլար կապիտալով: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլներ եւ տեխնոլոգիաներ մշակող ու արտադրող: Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ եւ վաճառում այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին եւ Daimler-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: