Ինչո՞ւ էր Հայկ Սարգսյանը գիշերը գնացել Վարդան Աթաբեկյանի տուն

«Վարդան Աթաբեկյանն իմ ընկերն է, իմ գործընկերն է»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ շեշտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու էր ինքը մի քանի մեքենայով, գիշերը որոշել այցելել Վարդան Աթաբեկյանին՝ խմբակցությունից դուրս գալու նրա որոշումից հետո, Հայկ Սարգսյանը նշեց. «Որովհետև գիշերն է հայտարարել: Ես մի քանի մեքենայով չեմ գնացել: Գնացել եմ իմ մեքենայով, Սիմիդյան Հակոբը եկել է իր մեքենայով, մեր մյուս պատգամավորները, ովքեր մոտ հարաբերություններ ունեն, ջերմ, Երջանիկ Հակոբյանը, օրինակ, եկել է իր մեքենայով: Հասել ենք տան դիմաց, դարձել է՝  որ ամեն մեկս մեր մեքենայով ենք եկել, տպավորություն է ստեղծվել, որ…»:

Անդրադառնալով բուն հարցին՝ այցի նպատակին, պատգամավորն ասաց. «Ես մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են, որ ինքը գնա էդ քայլին, որովհետև ինքը հայրենասեր տղա է, ինքը չի կարող թուրքահաճո որևէ բան անել, ազգի դավաճանների օրակարգով շարժվել: Ես համոզմունք եմ ունեցել, որ իմ ընկերոջը սպառնացել են, կամ, և այլն»:

Հարցին, արդյոք խմբակցությունից դուրս գալը թուրքահաճո՞  է, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին իշխանության հիմքերը խարխլելը թուրքահաճո է, որովհետև դեռ պատերազմը չի ավարտվել, դեռ բանակցությունները չեն ավարտվել,  և իշխանության ներսում մտցնող ցանկացած խարխլում՝ անմիջապես հարված է բանակցությունները վարող անձի… դեռ չի վերջացել»:

Դիտարկմանը, թե անգամ ԱԳ նախարարն  է հրաժարական տվել, նա արձագանքեց. «Կներեք, դրա մասին ովքեր որ իրավասու են պատասխանել, կպատասխանեն»:

Տեսանյութեր

Լրահոս