«Փրկե՛ք ձեր կուռքին». ՀՀ առաջին ՄԻՊ-ը՝ Նիկոլ Փաշինյանի ջատագովներին

«Ես ուզում եմ դիմել մեր ազգի արժանապատիվ քաղաքացիներին, ազնիվ մարդկանց և հստակեցնել, որ ձեր մոտեցումը չպետք է ճնշված լինի մի դժգույն և դժբախտ էակի խոսքերից: Դժբախտ և դժգույն էակը չպետք է մտնի ձեր հոգիները»,- այսօր Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցություների հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Որպես Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան՝ ուզում եմ ասել, թե ի՞նչ է նշանակում բարոյական պատասխանատվություն: Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է անպայման հրավիրվի և պատասխանատվություն կրի ՀՀ քրեական օրենսգրքով: Ես՝ որպես մարդ, ով միշտ պաշտպանել է բոլոր ձերբակալվածներին և իրենց պատիժը կրող անձանց, խոստանում եմ, որ կպաշտպանեմ և Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ, և որպես ձերբակալված անձ, որովհետև այլ ձևով չի կարելի այսօր»,- ասաց Ալավերդյանը:

Հայաստանի առաջին ՄԻՊ-ը նաև կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին.

«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ջատագովն են Նիկոլ Փաշինյանի, փրկե՛ք ձեր կուռքին, ինչո՞ւ եք ուզում հասնել նրան, որ իրեն սպառնացող վտանգներն ավելի շատ լինեն: Ճիշտ է, որ ինքը ժամ առաջ հեռանա, ճանաչի իր պատասխանատվության չափաբաժինը, որը պետք է հստակ չափվի ՀՀ Քրեական օրենսգրքով, և դրանով իսկ ավելի պաշտպանված լինի այն վայրերում, որտեղ ավելի պաշտպանված են լինում կալանավորները, ձերբակալվածները, պատիժը կրողները: Դա լավագույն ելքն է մի անձի համար, որը երկուս ու կես տարի և  մեկ շաբաթ իր մեջ կրում է հայատյաց և հայաստանաատյաց ամբողջ այդ պաշարը: Պետք չէ, որ մենք դա կոչենք այլ անունով»:

Նա նշեց, որ արդեն 30 տարի զբաղվում է զինգերիների, պատանդների, անհայտ կորածների խնդիրներով, սակայն այժմ մենք չենք էլ կարող ասել, թե քանի՞ գերի, անհայտ կորած, պատանդ ունենք:

«Ուզում եմ ուշադրություն դարձնել մի բանի վրա: Այդ ինչպե՞ս է, որ զինադադար հայտարարելուց հետո պատանդվում է առնվազն 6 մարդ, որոնցից երկուսը՝ 85 և 75 տարեկան ամուսնական զույգ, ընդհանրապես չգիտենք՝ ի՞նչ է տեղի ունեցել, և որտե՞ղ են: Եթե դա ստորագրվել է, ապա ի՞նչ մեխանիզմներով եք Դուք հետևում զինադադարի պայմանների պահպանմանը, ինչպե՞ս են վարվելու այդ զինադադարի պայմանները խախտողի հետ: Հարցս վերաբերում է և՛ Հայաստանի պատասխանատու անձանց, և՛ Ռուսաստանի, որոնք իրենց վրա են վերցրել մոնիտորինգի խնդիրը»,- ասաց Ալավերդյանը և կոչ արեց միայնակ, սեփական մեքենաներով այս օրերին չգնալ Արցախ:

Ավարտելով ելույթը՝ Հայաստանի առաջին ՄԻՊ-ն ասաց, որ վարչապետի հրաժարականն անխուսափելի է.

«Դա վիճելու կամ բանավիճելու խնդիր չէ, անձը, որը հասցրել է երկիրն այս վիճակին,  սուս ու փուս հրաժարական է տալիս, ոչ թե պահանջով, ոչ թե՝ որովհետև դավաճան է, այլ՝ զուտ արդյունքներով»:

Ալավերդյանը նաև նշեց, որ առնվազն մի քանի դեպքերով պետք է սկսվեն իրավական գործընթացներ, անձամբ ինքն էլ դիմելու է:

«Դիմեք առնվազն մի քանի գործով՝ հրապարակում ցույց տրված հոլովակն է, հո դա այլմոլորակայինները չե՞ն եկել, պատասխանատու կա, ո՞վ է հայատյաց և քաղաքացիական պատերազմի կոչերով հանդես եկել և ցույց տվել, դրանց անունները հայտնի է, որովհետև հասնել որևէ տեղ Արցախում կարելի է միայն հատուկ փաստաթղթով, լրագրողների մասին է խոսքս, ինչպե՞ս է դա հայտնվել հրապարակում, բիլբորդի վրա, հո դա շուկա չի՞: Երկրորդը՝ դա Արցախյան պատերազմում տեղի ունեցած առնվազն մի քանի դրվագներն են, որոնք խոսում են կազմակերպված հանձնվելու մասին: Չընդունեք, որ պարտվել է մեր բանակն ու ժողովուրդը, հանձնվել է մեր քաղաքական ղեկավարությունը, Ադրբեջանը չի հաղթել, նա ընդունել է հանձնումը, չմտածեք երբեք, որ Շուշին մերը չէ, Շուշին չի կարող լինել ադրբեջանական, եղել ու մնում է  հայկական՝ այսօր գտնվելով ոսոխի ոտքի տակ, այդքան բան, դա խնդիր է, որը մենք ունենք»,- ասաց Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս