«Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կուբաթլուի տարածքները մեզ համար անհասանելի են, այս պահի դրությամբ մենք ի վիճակի չենք այդտեղ մտնել». ՊՆ գնդապետ
Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին ՊՆ-ի առջև ու պահանջում էին ավելի արդյունավետ և արագ աշխատել, քանի որ արդեն երկար ժամանակ է՝ տեղեկություն չունեն իրենց զինվորներից, չգիտեն, թե նրանք որտե՞ղ են, ի՞նչ վիճակում: ՀՀ ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների և այլ անձանց հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի բոլոր տարածքներում, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո, դիերի և անհայտ կորածների դուրսբերման աշխատանքներ են տարվում: Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է դարձել անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այն վայրերում, որոնք թշնամու վերահսկողության ներքո են, քանի որ մեծ մասամբ փնտրվող զինծառայողները Հադրութից և Ջաբրայիլից են, Ոսկանյանը պատասխանեց.
«Ոչ միայն այդ հատվածներում են, մեկ ստորաբաժանում կա Մարտունիի ուղղությամբ, որը խոշոր խնդիրներից է, ծնողների մեծ մասն այդ ուղղություններից են զինծառայող փնտրում: ՀՀ ՊՆ-ն և Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստակամ են: Մենք հիմա սպասում ենք հակառակորդ կողմից պատասխան»:
Լրագրողի ճշտող հարցին, թե, փաստորեն, այդ տարածքներում դեռ չե՞ն սկսվել որոնողական աշխատանքները, Ոսկանյանն արձագանքեց.
«Այս պահի դրությամբ այդ տարածքները մեզ համար անհասանելի են, Հայաստանի զորքերի համար անհասանելի են: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել, հիմա բանակցում է Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որ նաև մենք պատրաստակամություն ենք հայտնել, անձամբ ես ինքս պատրաստ եմ մտնել այդ տարածքը, որ հակառակորդը թույլ տա, հասնենք Ջաբրայիլ: Այն տարածքները, որոնք մեզ համար անհասանելի են, այս պահի դրությամբ մենք ի վիճակի չենք մտնել, հանձինս Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Կուբաթլուի: Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են, որ միջանկյալ հատվածներում միգուցե կարողանանք հետները մտնել, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ ողջ անձինք ունենանք անտառներում, նույնիսկ այն տարբերակները, որոնք հավանական չեն, մենք աշխատում ենք այդ տարածքների վրա, քարտեզների վրա նշում ենք նույնիսկ այն, որ ասում են՝ մեկը ասել է, որ այսինչ գյուղում այսինչ տանը նկուղում գտնվում են որոշ անձինք, մենք անգամ այդ տվյալներն ենք նշում, որոնք, հնարավոր է՝ 99 տոկոսը չհամապատասխանեն իրականությանը, բայց այդ հույսը չի կտրվում»:
Վիտալի Ոսկանյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում գտնվող թշնամու դիակները վերադարձնել, նույնն էլ ակնկալում են թշնամուց: Գերիների մասին գնդապետը տվյալներ չհայտնեց, ասաց՝ իրավասու չէ, սակայն վստահեցրեց, որ տվյալները հավաքագրվում և տրամադրվում են Կարմիր խաչին: