«Դա ինքնիրավչություն էր». Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին
Այսօր Ազգային ժողովում հավաքվել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր: Նրանց հետ հանդիպում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողներն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է տեղի ունեցողը, քանի որ արտահերթ նիստի մասին հայտարարություն չի եղել:
«Մենք չգիտենք, ԱԺ կանոնակարգ օրենքով նման նիստ հրավիրելու հիմնավորում չկա: Այդ նիստը կամ չգիտեմ ինչը, երբ Լենա Նազարյանն ասում է՝ «սեղմեք ձեր գործընկերների կոճակները», որ քվորում ապահովվի: ԱԺ կանոնակարգ օրենքն ու Սահմանադրությունը նման նիստ չի նախատեսել, դա ինքնիրավչություն էր, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց բազմաթիվ հակասական և բազմաթիվ անընդունելի հայտարարություններ, որոնցից մեկն ինձ համար այն է, որ Շուշին «տխուր և դժգույն քաղաք էր»: Պարոն Փաշինյան, Դուք, ինչպես միշտ, ստում եք, Շուշին Հայաստանի և Արցախի ամենագեղեցիկ, ամենամաքուր, ամենակոկիկ և ամենաֆանտաստիկ քաղաքն էր, որը Դուք հանձնեցիք Ադրբեջանին, հանձնեցիք մեր բազմաթիվ երեխաների կյանքի գնով: Դուք էիք, որ ասում էիք՝ պատերազմ, մարտեր կլինեն, թե չեն լինի, Շուշին պետք է հանձնվեր: Այս բառերի պատասխանը Դուք դեռ տալու եք, և եթե կարծում եք, որ ՊՈԱԿ-ներով, Ձեր գրպանի օլիգարխների ֆինանսավորած ֆեյք ինդուստրիաներով, ընդդիմադիր գործիչներին կալանավորելով, անհեթեթագույն մեղադրանքներով, մեզանից յուրաքանչյուրին մեկուսացնելով, Դուք կարողանալու եք Ձեր ձեռքում պահել իշխանությունը, դուք դա չեք կարողանալու անել»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ-ում տեղի ունեցած նիստի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը.
«Սիրելի՛ քաղաքացիներ, Ազգային ժողովն այսօր նիստ չի գումարել։ Վարչապետն Ազգային ժողովի դահլիճում այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ»:
Մարուքյանի գրառումից հետո հարց է առաջանում, եթե սա հանդիպում էր իմքայլական պատգամավորների հետ, ապա ի՞նչ քվորում ապահովելու մասին էր խոսքը և ի՞նչ գործ ուներ ԱԺ-ում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իմքայլականների հետ հանդիպմանը: Հարցեր, որոնց պատասխանները դեռ չեն տրվել: