«Նիկոլ Փաշինյանը պարզապես անում է ամեն ինչ, որ Գագիկ Ծառուկյանը չլինի այս հրապարակում». Նաիրա Զոհրաբյան

«Չի հաջողվելու ընդդիմադիր քաղաքական ուժերին ներքաշել սադրանքների մեջ». այսօր ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքին ընդառաջ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀԿ-ն որևէ սադրանքների չի տրվելու: Որևէ պրովոկացիաների չենք ենթարկվելու և թույլ չենք տալու, որ հանրությանը ներքաշեն պրովոկացիաների մեջ: Այսօր արդեն մեզ փոխանցեցին տեղեկատվություն, և մամուլում էլ կա այդ տեղեկատվությունը, որ վաղը ԱԺ տարվելու են, արդեն այսօր իսկ մուտք են գործել բավանակաչափ թվով մարդիկ, մամուլում նկարները կան, որ նրանք զինվել են Կառավարական ամառանոցում՝ հագնելով զինվորական համազգեստ, և նրանք վաղը, երբ կմեկնարկի Աժ նիստը, փորձելու են Ազգայի ժողովի ներսում սադրանքներ, պրովոկացիաներ և խժդժություններ հրահրել»,- ասաց Զոհրաբյան:

Պատգամավորն այս տեղեկատվության վրա հրավիրեց պատկան մարմինների ուշադրությունը: Նա ասաց, որ վարչապետի երեկվա աղմկահարույց գրառումից հետո դիմել են պատկան մարմիններին, որ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով վարույթ սկսեն:  Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ այս անգամ էլ Գագիկ Ծառուկյանը ներկա չի լինի հանրահավաքին, քանի որ հրավիրվել է ԱԱԾ:

«Այսօր ԱԺ խորհրդի նիստից 20 րոպե առաջ մենք ստանում ենք Լենա Նազարյանի դիմումն ուղղված Գագիկ Ծառուկյանին, որ նա ներկա լինի Խորհրդի նիստին, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից: Ասեմ՝ դա այն անհեթեթ պատմությունն է, որ, ձերբակալել, ապա կալանավորել էին Մուլտի գրուպի ղեկավար Սեդրակ Առուստամյանին, ինքն էլ իրեն փոխարինող նշանակել էր Մուլտի գրուպի մեկ այլ պատասխանատուի՝ Արայիկ Կեսոյանին, և Ծառուկյանն ընդամենը վավերացրել է դա, այսինքն՝ այստեղ օրենքի որևէ խախտում չի եղել, Սահմանադրական որևէ նորմ՝ այն է, որ պատգամավորն իրավունք չունի զբաղվելու ձեռներեցությամբ, չի խախտվել: Խնդիրը մեկն է՝ յուրաքանչյուր հանրահավաքից առաջ Նիկոլ Փաշինյանը պարզապես անում է ամեն ինչ, որ Գագիկ Ծառուկյանը չլինի այս հրապարակում, հիմա արդեն Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»,- ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե հանրահավաք կազմակերպող ուժերն իշխանություն են ուզում.

«Եթե Հայաստանում կա մեկը, որ երազում է, տենչում է և կյանքի գնով պահում է իշխանությունը, ապա այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է: Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացած գնով, այդ թվում՝ ներհայաստանյան բախումներ հրահրելու գնով, հային հայի դեմ հանելու գնով, փորձելու է պահել, երկարաձգել իր իշխանությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս