«ԱԺ խորհրդի նիստով անմիջապես ուզում են լուծել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը». Շաքե Իսայան

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկություն էր հրապարակել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Լենա Նազարյանն առաջարկել է Գագիկ Ծառուկյանին ժամը 16։00-ի ներկայանալ նիստին։

Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Այո, ամեն ինչ ճիշտ է: ԱԺ խորհրդի նիստով անմիջապես ուզում են լուծել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Ընթացակարգն այնպիսին է, որ լիագումար նիստ հրավիրելու անհրաժեշտություն չկա նույնիսկ: Խորհրդի նիստով կհաստատեն ու հարցը կուղարկեն Սահմանադրական դատարան (ՍԴ), դե, իսկ ՍԴ-ն էլ, կտեսնենք՝ ինչ որոշում կկայացնի»,- ասաց Շաքե Իսայանը:

Մեր հարցին՝ իսկ Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվելո՞ւ է ԱԺ խորհրդի նիստին, ԲՀԿ-ական պատգամավորը տվեց բացասական պատասխան:

«Չի կարող ներկա գտնվել: Ինչպես ամեն հանրահավաքից առաջ, այսօր ևս Գագիկ Ծառուկյանին այդ ժամին կանչել են ԱԱԾ, ու նա այնտեղ է լինելու»,- նշեց Շաքե Իսայանը:

Տեսանյութեր

Լրահոս