Դավաճաններ փնտրող իշխանությունը ինչո՞ւ չի ասում՝ կալանավորվե՞լ է, թե՞ ոչ լրտեսությանն օժանդակող ՀՀ քաղաքացին
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճաններ էր փնտրում, հանձնարարականներ տալիս, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն էլ (ԱԱԾ) մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ էր տարածում հերթական դավաճանական գործունեությունը կամ լրտեսությունը բացահայտելու ու քրեական գործեր հարուցելու մասին:
Եվ թեպետ ԱԱԾ տնօրենները մեր երկրում փոխվում են լույսի արագությամբ, դա չի չեղարկում այդ հաղորդագրությունների բովանդակությունը, հետևաբար, մենք էլ հետևողականորեն փորձում ենք հասկանալ, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են խարխլում մեր պետականության հիմքերը, ու ի՞նչ է հետևում այդ բացահայտումներին:
Այսպես, հոկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն լրտեսության հերթական դեպքը բացահայտելու մասին հաղորդագրություն տարածեց:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ՝ քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:
Հաջորդիվ նշել էին, որ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Օրեր առաջ 168.am-ը ԱԱԾ դիմեց՝ պարզելու համար, թե արդյո՞ք կալանավորվածներ կան այս գործով: Մեզ պատասխանեցին, որ հիշյալ երկու անձինք կալանավորված են: Ասացինք, որ մեզ հետաքրքրում է, թե կալանավորվա՞ծ է արդյոք լրտեսությանն օժանդակած ՀՀ քաղաքացին:
ԱԱԾ պատասխանը, կարծում ենք, շատերի համար կարող է հարցեր առաջացնել:
«Օժանդակողի խափանման միջոցի տեսակի վերաբերյալ այս պահին տեղեկություն չենք կարող տրամադրել»,- նոյեմբերի 11-ին ասել էին մեզ ԱԱԾ-ից:
Ուրեմն հոկտեմբերի 4-ին հաղորդագրություն են տարածում, որ օտարերկրյա լրտեսներ են բռնել, ու, որ նրանց օժանդակած ՀՀ քաղաքացի կա, սակայն դրանից մոտ 40 օր անց դեռ այդ մարդը կալանավորված չէ:
Հարցը նաև այսօր կրկնեցինք: ԱԱԾ-ի պատասխանը նույնն էր. տրամադրման ենթակա տեղեկատվություն չունենք:
ԱԱԾ-ն այլ հարցերի պատասխան չուներ, մինչդեռ հայ հասարակությունը ցանկանում է իմանալ՝ ինչո՞ւ մինչ այժմ կալանավորված չէ օտարերկրյա լրտեսներին աջակցող ՀՀ քաղաքացին/երը:
Իսկ միգուցե այդ անձը կամ անձինք հայտնի մարդիկ են, հասարակության համար ճանաչելի, բայց նրանց անունները չի՞ կարելի տալ:
Իսկ գուցե դրանք այն մարդիկ են, ում անունները ողջ պատերազմի ընթացքում ու հատկապես ամնեասկզբում տալիս էին՝ հենց լրտեսության համատեքստում:
Իսկ գուցե դրանք այն մարդիկ են, ում դռներն Արցախի առջև բացեցիք, բունկեր թողեցիք, թույլ տվեցիք, որ հասու լինեն պետական գաղտնիության տեղեկատվության:
Չենք պնդում, առայժմ հարցեր ենք տալիս:
Ովքե՞ր են լրտեսությանն օժանադակող ՀՀ քաղաքացիները, և ինչո՞ւ նրանց խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում: Ուզեք թե չուզեք, ձգեք թե չձգեք, այս հարցերի պատասխանը տալու եք, ազգային անվտանգության համար պատասխանատու հարգելի իրավապահ կառույց: