«Իշխանությունները, քաղաքական ռեպրեսիաներից սկսած և քաղաքացիական բախումներով վերջացրած, յուրաքանչյուր քայլի էլ կգնան». Արման Աբովյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց երեկվա իր գրառումը և ասաց, որ լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ են գործում, իրենց Կառավարության օրակարգում էլ բռնության հրահրման գործիքակազմ չկա: Կոչ արեց ընդդիմադիր ուժերին նույնպես հստակ հայտարարել, որ բացառում են որևէ բռնի գործողություն: Նա ասուլիսից հետո իր այս մտքերը նաև ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցեց: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, եթե վարչապետը նման կոչ է անում, ապա չի հետևում ընդդիմադիր ուժերի հայտարարություններին:
«Ի սկզբանե ԲՀԿ-ն հայտարարել է և հայտարարում է, որ հայը հայի դեմ չպետք է դուրս գա, որ ցնցումներ և բռնություն Հայաստանում չպետք է լինի ոչ մի պարագայում: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի գրառմանը, ապա կարծում եմ, որ մանիպուլյատիվ բոլոր երանգները հենց ինքն է տալիս, որովհետև շատ ակնհայտ և փաստացի իր գրառման մեջ քաղաքացիական բախումների կոչ է: Ի՞նչ է նշանակում՝ «պատերի տակ վնգստացող», ո՞ւմ նկատի ունի, Էն մարդկանց, ովքեր հարցեր են ուղղում և ասում են, թե ո՞նց ստացվեց, որ ամենախայտառակ իրավիճակի մեջ հայտնվեցինք ազգովի, իրե՞նք են, թե՞ զոհված զինվորների մայրերը: Ո՞ւմ նկատի ունի: Ի՞նչ է ուզում ասել: Ես հասկանում եմ, որ հիմա իշխանությունների կողմից փորձ է արվում ինչ-որ մի կերպ մանիպուլյացիաների միջոցով կոծկել: Խնդրում եմ մտեք Լենա Նազարյանի էջը և տեսեք, թե ի՞նչ տեսաուղերձներ է նա տեղադրում, ուղղակի ուշադիր հետևեք, իրենց ասելով չի: ԲՀԿ-ն և մենք բոլորս միշտ հայտարարել ենք, որ հայը հայի դեմ չպետք է զենք բարձրացնի, և ցնցումներ չպետք է լինեն»,- ասաց Արման Աբովյանը:
Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցի ժամանակ նաև նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից չի ստացել առաջարկներ՝ ինչպես ավելի լավը դարձնել արդեն ստորագրված հայտարարությունը:
«Ես հիշեցնեմ վարչապետին, որ մինչև այդ խայտառակ իրավիճակին հասնելը, ընդդիմադիր ուժերը, օրինակ՝ ԲՀԿ-ն՝ առանձին, և ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը՝ միասին, երկու-երեք անգամ պաշտոնապես և ոչ պաշտոնապես, բոլոր խողովակներն օգտագործելով, առաջարկել էին վարչապետին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել, որ քննարկվեն այն բոլոր հարցերը և ելքերը, որոնք գոյություն ունեն: Մեկ ամսվա ընթացքում դա պարբերաբար եղել է, գրեթե ամեն շաբաթ: Ոչ մի կերպ չեն արձագանքել, ինչի՞ մասին են խոսում, ոչ մի ձև չեն արձագանքել: Ինչ վերաբերում է մնացած մանիպուլյատիվ հայտարարություներին, ապա փաստերն ակնհայտ են, և ամեն ինչ հստակ պարզ է և հասկանալի է: Այո, իշխանությունները, քաղաքական ռեպրեսիաներից սկսած և քաղաքացիական բախումներով վերջացրած, յուրաքանչյուր քայլի էլ կգնան: Դա ես դատում եմ՝ ըստ իրենց պահվածքի, ըստ իրենց հայտարարությունների: Խայտառակություն, խայտառակություն»,- ասաց Աբովյանը:
Անդրադառնալով ասուլիսի ժամանակ վարչապետի արած այն հայտարարությանը, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա՝ պատգամավորն ասաց.
«Հայաստանում բոլոր քաղաքական հարցերը որոշում է միայն ու միայն ժողովուրդը: Իրենց օրակարգում շատ բան կարող է լինել կամ չլինել»: