«Նոր բանակցող, նոր պայմաններ»․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից ԱԱԾ դիմաց լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի կետերը փոխելու ի՞նչ տարբերակներ կան: «Նոր բանակցող, նոր պայմաններ»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում բանակցողի դերում, նա պատասխանեց. «Ցանկացած ազգային արժեքներ կրող պետական գործչի, որը գործում է ի շահ Հայաստանի Հանրապետության և ի շահ Արցախի Հանրապետության»:
Արթուր Վանեցյանը ասաց, որ ռազմական դրության ժամանակ ծանր պայմաններում հանրահավաք հրավիրեցին՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ փրկել մեր երկիրը, փրկել մեր հայրենիքը․ «Թուրքը գալու է՝ մտնի մեր տուն։ Այս պայմանագիրը դավաճանական պայմանագիր է։ Այս պայմանագրով վերանալու է Արցախի ՊՆ-ն, վերանալու են տարիներով կառուցված պաշտպանական շերտերը։ Այն 2000 քառակուսի կիլոմետրում, որը համաձայն այս հայտարարության պետք է հայերի տրամադրության տակ, որևէ մարդ չի բնակվելու, մարդիկ չեն գնալու այնտեղ։
Այս տարածքը ինքըստինքյան դուք հաշվեք, որ մենք չենք հանձնել միայն հայտարարության մեջ նշված տարածքները, մենք հանձնել ենք ամբողջ Արցախը, որովհետև այդ 2000 քառակուսի կիլոմետրի վրա, մարդիկ չունենալով անվտանգության երաշխիքներ, չեն գնալու և չեն բնակվելու։ Իսկ նույն պայմանագրում նաև նշված է, որ այդ տարածքներ կարող են վերադառնալ փախստականները և ապրել համատեղ։ Ի՞նչ է սա նշանակում․ հայկական կողմը չի կարողանալու ապահովել իր ազգակիցների անվտանգությունը, որովհետև չորս կողմը լինելու են ադրբեջանական զորքերը, հայկական բնակչությունը դուրս է գալու Արցախից, Ստեփանակերտից և մնացած շրջաններից և այնտեղ բնակվելու են ադրբեջանցիները։ Առանց կռվի, առանց պայքարելու մենք հանձնեցինք ամբողջ Արցախը։ Ժողովուրդ, խնդրում եմ, հասկացեք, իշխանափոխության համար մենք կռիվ չենք անում, մենք կռիվ ենք անում մեր երկիրը փրկելու համար»։



