«Արցախում լույս չկա, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել». արցախցի կինը՝ Աննա Հակոբյանին
Այսօր 17 կուսակցությունների հանրահավաքին միացած արցախցի մի կին, որ ընդամենը 5 օր առաջ է Հայաստան եկել, Կառավարության առջև պահանջում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա, և նրա փոխարեն գա մեկը, ով կկարողանա լուծել Արցախի հարցը:
«Ես մահից եմ փրկվել և այսօր զոհն եմ Նիկոլ Փաշինյանի: Սա իշխանական պայքար չէ, սա կռիվ չէ իշխանության: Խնդրում եմ, աղաչում եմ բոլորին, արցախի կանայք, դուրս եկեք ու պահանջեք ձեր իրավունքները: Մեր չլռելը մեզ սովորեցրել է Փաշինյան Նիկոլը, նա ինքն է մեզ սովորեցրել պայքարել անարդարության դեմ, ի՞նչ է, Դուք անարդարության տակ ստորագրո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյան, Դուք Արցախ եք ազատագրե՞լ, որ մեզ տալիս եք թուրքին, Դուք Արցախ եք ազատագրե՞լ, որ այսօր սկուտեղի վրա տվել եք»,- ասաց արցախցի կինը:
Նա նաև դիմեց իրենց տեսանյութերի տակ մեկնաբանություններ թողնողներին՝ պատասխանելով հարցերին, թե ինքն ո՞վ է, որտեղի՞ց է եկել և ի՞նչ է արել Արցախի համար:
«Երեկ իմ եթերի ժամանակ ինձ մեկնաբանություններ էին գրում, քննադատում էին՝ անվանելով անբարոյական: Անբարոյականը քո կուսակցությունն է, այն մարդիկ են, ովքեր չգիտեն, թե ի՞նչ է պատերազմը: Ես եկել եմ ռմբակոծության և հրթիռակոծության տակից, ես մի աղջիկ եմ, ով կանգնել է մինչև վերջ իր ընկերների կողքին, բա դուք ո՞վ եք, ես եղել եմ սահմանին ու ծառայել եմ, իսկ դուք ո՞վ եք»,- ասաց արցախցի կինը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նկարներին ու գրառումներին Արցախից՝ արցախցի կինը կասկած հայտնեց, որ կա մի դիրք, որտեղ ինտերնետ հասանելիություն կա:
«Աննա, խոսքս ուղղում եմ քեզ: Էդ որտեղի՞ց քեզ ինտերնետ, ի՞նչ է հատուկ սահմաններ կան, որտեղ ինտերնետ կա, Արցախում լույս չկա, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել: Մենք անգամ չէինք կարողանում մեկս մյուսի հետ ռացիայով կապնվել»,- ասաց արցախցի կինը:
Նա դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս դուրս գա վիրտուալ իրականությունից և նայի իրականության աչքերին:
«Դու մեզ թողել ես անտուն, անհայրենիք, անզավակ, անհայր, դու մեզ կոտրել ես, դու ես մեզ հանձնել»,- ասաց արցախցի կինը:
Նա նաև պնդեց՝ եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, «հողերն ավելի շուտ էին հանձնվել», ապա վարչապետն ավելի վաղ պետք է անկեղծ խոսեր ժողովրդի հետ: Արցախցի կանայք իրենց հարցերի պատասխանները պահանջում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից: