«Չի կարող սուտասանը, վախկոտը, Ադրբեջանի դեմ ծնկի իջնողը, գաղտնի թուղթ ստորագրողը այսուհետև կառավարել մեր երկիրը». Գեղամ Մանուկյան

«Մեր պահանջը ոչ թե այս կառավարության և վարչապետի դեմ է, այլ հանուն հայրենիքի է, հանուն Արցախի է»,- այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի գոյության կամ ներկայության մասին արդեն մի քանի օր է՝ հանրությունը տեղյակ չէ. «Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մուտք չգործեց կառավարության շենք, այն շենք, որտեղից Նոր տարվան հպարտությամբ իբրև համաժողովրդական առաջնորդ դուրս էր գալիս՝ ուղերձ հղելու: Այդտեղ իր ուղերձում նա չասաց, որ Արցախ հանձնելու մասին թուղթ է ստորագրելու: Նա խաբեց բոլորին: Վայրկյան առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Վարչապետի գլխավորությամբ այս կառավարության ապաշնորհության արդյունքում անցնող 50 օրերի ընթացքում գրեթե չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները:

Ամբողջը վերածել են շոուի, ինչպես շոու են սարքել նույնիսկ այսօր, երբ իրենց չարածի մեղքը փորձում են բարդել ուրիշների վրա, փորձում են բարդել բանակի վրա, ոստիկանության վրա, կուսակցությունների վրա, զինվորի վրա: Նրանք ամեն վայրկյան իրենց աթոռից կառչած մնալու համար բոլորին կմեղադրեն, բացի մեկ անգամ իրենց մեղադրելուց: Եվ այդ անպատասխանատուները վայրկյան առաջ հանուն Արցախի, հանուն Շուշիի, հանուն Դադիվանքի, Տիգրանակերտի, Ամարասի, հանուն ազատագրված հայրենիքի՝ պետք է հեռանան: Նիկոլ Փաշինյան, վայրկյան առաջ հեռացիր՝ հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի, Արցախի և քո ընտանիքի»:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց 2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթը. «Նա ասաց մեկ բան՝ եթե գտնի լուծման որևէ տարբերակ, որը կհամարի ճիշտ, նա կդիմի ժողովրդին: Նիկոլ Փաշինյան, 2.5 տարի հետո դու դրժեցիր քո խոսքը: Քեզ տարիներ շարունակ ճանաչողները գիտեին, որ դու երբեք խոսք պահող չես: Ափսոս մեր ժողովուրդը, որ 2.5 տարի առաջ օգոստոսի 17-ին քեզ հավատաց, որ առանց իրենց՝ Արցախի հարցի լուծում չի լինելու: 2.5 տարի հետո այստեղ նույն այդ ժողովրդի մի մասը եկել է, որ քեզ ասի՝ դու խաբեբա ես, դու խաբում ես բոլոր հարցերում. Դա էլ ժողովուրդը մի կողմ կդներ, բայց դու խաբեցիր ամենակարևոր հարցում, դու խաբեցիր Արցախի հարցում:

Չի կարող սուտասանը, վախկոտը, Ադրբեջանի դեմ ծնկի իջնողը, գաղտնի թուղթ ստորագրողը այսուհետև կառավարել մեր երկիրը, այսուհետև չի կարող լինել մեր ԶՈւ առաջնորդը: Չի կարող նաև այս ոստիկանների առաջնորդը լինել, որովհետև նրանք էլ են հասկանում, որ մի օր էլ իրենց թիկունքն է դատարկ թողնելու: Նիկոլ Փաշինյան, խնդրում, հորդորում, պահանջում եմ՝ վայրկյան առաջ հեռացիր: Աստծո սիրուն, հեռացիր, որ հետո որևէ դասագրքում քո անունը չհիշատակվի: Մենք քեզ կմոռանանք, չենք վատաբանի, չենք ասի՝ դավաճան, միայն հեռացիր»:

Տեսանյութեր

Լրահոս