«Եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ՝ ավելի վատ կլինեին արդյունքները». Փաշինյանը ներկայացրել է իր մեղքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն  ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով և ուղիղ  միացումներով փորձում էր ներկայացնել, թե ինչու ստորագրեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը: Սա արդեն 4-րդ ուղիղ միացումն էր, երկուսը՝ «Զրույց քաղաքացու հետ» առանձին խորագրերով էին: Այս պահին վերջինը Նիկոլ  Փաշինյանը վերնագրել էր՝ «Իմ մեղքը»:

«Այսօր ուզում եմ անդրադառնամ իմ մեղքերին: Նկատի ունեմ, եթե եղել է  անհաջողություն, նշանակում է՝ ես ինչ-որ տեղ սխալվել եմ, բայց եկեք հասկանանք, թե ես երբ և ինչում եմ սխալվել՝ կոնկրետ այս իրավիճակի հետ կապված:

Ի՞նչն եմ ես սխալ արել և ե՞րբ: Ընդ որում, ես ասում եմ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, որպեսզի այս պատերազմը կանխվեր:

1-ին. 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, ես ըստ էության պետք է գայի, ժողովրդին ասեի հետևյալը: Պետք է ասեի՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ, կամ մենք 5 տարածքներ վերադարձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, կամ մենք ունենում ենք պատերազմ: Ինչո՞ւ չեմ ասել այն ժամանակ այդ մասին: Արդեն անդրադարձել եմ, որովհետև նախ կարևոր եմ համարել, որ փորձ անեմ, որ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ, և ըստ էության ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել, և ինչո՞ւ չի հաջողվել, նախորդ ելույթներից մեկում ասացի, որովհետև  տարածքների հանձնման թեման միակ առարկայական թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել: Բայց եկեք պատկերացնենք  մի իրավիճակ, որ ես գալիս ասում էի՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք ինչ, մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը, ինչի դուք ասելու էիք՝ հա, ինչ լավ բան է, որտեղ էիր այսքան ժամանակ, բա ինչի՞ շուտ չէիր ասում, մենք էլ տենց բանի ենք սպասում, բա իհարկե, այդ տարածքները շուտ արա, մի բան արա՝ վերադարձնենք, իհարկե չէիք ասելու, ասելու էիք՝ ոչ, ասելու էիք՝ ոչ, և ես էլ լինեի ձեր տեղը՝ ասելու էի՝ ոչ, և արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը: Ընդ որում, եթե ավելի շուտ լիներ պատերազմը, կարծում եմ՝ ավելի վատ կլինեին արդյունքները, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Հաջորդը: Պատերազմից առաջ, երբ որ կար նախանշաններ, որոշեի, որ պետք է այս պատերազմը կանխել, և այդ ժամանակ էլ էլի պետք է գայի ասեի՝ գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ուրեմն մենք այսպիսի ընտրություն ունենք, կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու, կամ պատերազմ ենք ունենում: Ինչո՞ւ չեմ եկել և ասել: Նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք այդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում: Երկրորդ, եթե գայի ասեի՝ գիտեք ինչ, ժողովուրդ ջան, կամ հիմա մենք՝ սեպտեմբերի 1-ին կամ 2-ին, սա ենք անում, կամ էլ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հայ հանրությունը…

Դուք պատկերացրեք, մի 10 օր առաջ «ցավոտ փոխզիջում» արտահայտությունը թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, հայ հանրությունն ասելու էր՝ ոչ, մենք կգնանք, կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքը: Ակնհայտ է, չէ՞, որ այսպես էր լինելու, և արդյունքում՝ մենք ստանալու էինք պատերազմ:

Հաջորդ հարցադրումը, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ, 5-րդ, 6-րդ օրը չփորձեցինք կանխել դրա հետագա զարգացումը: Նախ՝ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդ՝ ըստ էության պատերազմը կանխելու պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու:

Ինչո՞ւ այդ փուլերից որևէ մեկում նման որոշում չկայացվեց, շատ պարզ մի պատճառով՝ մենք ուզում էինք բեկել, մենք ուզում էինք ՊԲ-ն, ԳՇ-ն, մենք բոլորս, մեր ժողովուրդն ուզում էր բեկել պատերազմի ընթացքը: Եվ ե՞րբ էր, որ կայացվեց այսպիսի ցավոտ որոշում, երբ որ արդեն ակնհայտ էր, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք, և մեր առաջ դրված էր խնդիր՝ խուսափել վատթարագույնից…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս