«Մենք արդյո՞ք գիտեինք, որ կարող է լինել պատերազմ: Իհարկե գիտեինք». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը  ստորագրելու պատճառները եղել են  բանակի պահանջը, ՄՈԲ ռեսուրսի, կամավորների  մարտունակության անկումն և դասալքությունը: Այսօրվա ընթացքում ֆեյսբուքյան մի շարք  գրառումներից և ուղիղ միացումներից հետո Նիկոլ Փաշինյանը   «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացմամբ որոշեց իր մեկնաբանություններն ու պարզաբանումները ներկայացնել հանրությանը, դրանցից մեկն էլ վերաբերում էր պատերազմի անխուսափելիությանը: ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այս պատերազմն անխուսափելի էր:

«Մենք արդյո՞ք  գիտեինք, որ կարող է լինել պատերազմ: Իհարկե գիտեինք: Արդյո՞ք մենք պատրաստվում էինք այդ պատերազմին: Իհարկե պատրաստվում էինք: Եվ մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի:  Եվ 2018 թվականի հուլիսը ցույց տվեց, որ Զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմի: Եվ Ադրբեջանը ինքն էլ տեսավ, որ իր Զինված ուժերով ինքը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում: Եվ դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է: Թուրքիան վարձկաններ ներգրավելով և ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էության, ըստ էության, ստեղծեց  մի վիճակ, երբ որ հայկական բանակը կռվում է  միանգամից 3 ուժի նկատմամբ, 3 ուժի դեմ: Եվ մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր զինվորները կռվեցին անձնուրաց, մեր սպաները, գեներալները հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք ի վերջո եկանք այն կետին, երբ որ բանակը, ըստ էության, հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել: Եվ նաև Արցախի ղեկավարությունը էդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր: Եվ այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է  այն որոշումը, որը կայացվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե թեման  շատ ծավալուն է, ու դրա  շուրջ մեկ անգամ չէ, որ իրենք պետք է խոսեն, ու մի հարցի չէ, որ պետք է պատասխանեն: Բայց Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որ այդ խոսակցությունը լինի կտոր-կտոր, «որպեսզի առավել մատչելի լինի»:

Իր ուղիղ միացման ընթացքում վարչապետը նաև անդրադարձավ երեկ ԱԺ-ի դիմաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու հանգամանքին:

«Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք: Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարևոր է արձանագրել, որ ձերբակալությունները հանցագործների սկսված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավարտելով այս փուլի համար նախատեսած պարզաբանումները, ապա խոսքն ավարտեց  քաղաքացիներին շնորհակալություն հայտնելով իրեն հետևելու ու դիտելու համար, կոչ արեց  քաղաքացիներին  պահպանել հանդարտություն, պահպանել Ռազմական դրությամբ նախատեսված իրավական ռեժիմը և համախմբվել Հայաստանի Հանրապետության պետության շուրջ՝ հանուն մեր պետության և ժողովրդի, հանուն Արցախի:

«Սիրում եմ բոլորիդ, լավ եղեք»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս