«Ի՞նչ եղավ, որ հարցը չքննարկվեց 3 միլիոն վարչապետերի հետ»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին հանդարտվել, ԱԺ շենքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում ոչինչ չվնասել, հանդարտվել, չկա անլուծելի հարց, բոլոր հարցերը հարցերը, բոլոր իրավիճակները՝ անգամ առաջին հայացքից փակուղային թվացող իրավիճակները, հնարավոր է լուծել»,- վաղ առավոտյան ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրուցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարության ստորագրմանը և դրան հաջորդած զանգվածային բողոքի ալիքին: Նշենք, որ Փաշինյանի այդ գրառումից հետո բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին արտահայտել, ապա մտել կառավարության, Ազգային ժողովի շենքեր, ինչպես նաև կառավարական առանձնատուն, նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ն․ Զոհրաբյանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ասաց, որ միայն ընդդիրամդիր խմբակցությունների պատգամավորների ձայները բավարար չեն, պետք  է նաև իշխող քաղաքական ուժից պատգամավորներ գան Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որպեսզի քվորում ապահովվի:

«Եթե մենք ուզում ենք հրավիրել արտահերթ նիստ, ապա խնդրում ենք մեր հայրենակիցներին, որ դահլիճից դուրս գան, և, ընդհանրապես, շենքում լինելու իրենց նպատակահարմարությունը չկա: Որպեսզի հրավիրենք արտահերթ նիստ՝ ինչ-ինչ հարցեր քննարկելու համար, պետք է կարողանանք ապահովել քվորում: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միասին չեն կարող ապահովել անհրաժեշտ քվորում, անհրաժեշտ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ առնվազն 25 հոգու ներկայություն, բայց «Իմ քայլի» մեր գործընկերները պետք է վստահ լիեն, որ իրենց անվտանգությունն այս դահլիճում միանշանակ ապահովված է, որպեսզի վստահություն ունենան և կարողանան մտնել նիստերի դահլիճ: Այս պահին իրավիճակը սա է, փորձում ենք իրավաբանների հետ հարցը քննարկել, թե որքանո՞վ է Ազգային ժողովն իրավասու՝ քննարկել, չեղարկել ստորագրված, ես չգիտեմ դա ինչ է, պայմանագիր չէ, փոաստաթուղթ չէ, հայտարարություն կարող ենք ենթադրել, բայց անգամ չլինելով իրավաբան, կարծում եմ, որ մենք խորհրդարանական կառավարման պետություն ենք և բոլորր որոշումները պետք է կայացվեն ԱԺ դահլիճում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը ճեպազրուցի ավարտին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը վերջինս արել էր ԱԺ ամբիոնից, հեղափոխության օրերին՝ հանրահավաքներից մեկում, ապա հարց ուղղեց նրան:

«Ասում էր, եթե Արցախի հարցով լինի որևէ որոշում՝ ես կգամ հրապարակ, կկանգնեմ ժողովրդի առջև և կասեմ ժողովուրդ, ահա սա է որոշումը, ահա սա է առաջարկը և ըստ այդմ ժողովրդի հետ միասին կորոշենք՝ ընդունո՞ւմ ենք այդ առաջարկը, գնո՞ւմ ենք այդ տարբերակով, թե՞ ոչ: Հիմա հարց․ ի՞նչ եղավ, որ հարցը չքննարկվեց 3 միլիոն վարչապետերի հետ, ի՞նչ եղավ, որ չեկաք հրապարակ և ժողովրդին չասացիք, որ լուծումը սա է, տարբերակը սա է, և չստացաք ժողովրդի քվեն, ժողովրդի մանդատը՝ այս լուծման գնալու համար: Երբ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի ամբիոնից և հունիսի 5-ից ասում էր՝ ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք բանակցում, մեզ ասում էին՝ ինչ ուզում՝ այն էլ խոսում ենք, դուք ո՞վ եք, որ իմանաք, թե ինչ ենք բանակցում, ես սկսել եմ զրոյական կետից․․․ Քանիցս ասել ենք՝ այդ ի՞նչ եք խոսում լիֆտերում, ձեր «կիրթ» գործընկեր Ալիևի հետ, մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք, հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղե՞լ է, թե՞ չի եղել…»:

Տեսանյութեր

Լրահոս